Դատարանի նկատմամբ վստահության ճգնաժամը դատական կոռուպցիայի հիմնական պատճառ - 8
30.11.2010 00:00Հալիձորցիներն այսուհետ կհավատա՞ն ՀՀ անունից գործող դատարաններին:
ՀՀ կառավարությունը 26.06.2009թ-ին կայացրեց թիվ 944-Ն որոշումը Հալիձոր գյուղի 13 բնակիչների հողամասերի նկատմամբ գերական հանրային շահ ճանաչելու, այդ հողամասերը հասարակության և պետության կարիքների համար վերցնելու և «Իստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփանի» ՓԲԸ-ին հանձնելու մասին:
Որաշմամբ օտարման գործընթացի իրականացումը դրվեց Ընկերության վրա: Նշվեց նաև, որ հողամասերի կատեգորիան գյուղատնտեսական նշանակությունից բնակավայրի կփոխվի Ընկերության սեփականության իրավունքը գրանցվելուց հետո:
Հալիձորցիները համարել են, որ նշված որոշմամբ իրենց իրավունքները խախտվում են և կառավարությունը հատուկ է այդպես արել, որ իրենք չնչին փոխհատուցում ստանան, քանի որ, եթե իրենց հողամասերի վրա քաղաքաշինական ծրագիր իրականացնելու անհրաժեշտություն կա, ապա այդ հողամասերն օբյեկտիվորեն դարձել են բնակավայրի նշանակության, հետևաբար սկզբից պետք է հողամասի կատեգորիան փոխվեր, դառնալով բնակավայրի, որից հետո միայն հնարավոր կլիներ դրա վրա քաղաքաշինական ծրագիր հաստատել և գերակա հանրային շահ ճանաչել, իսկ իրենք էլ այդ դեպքում բնակավայրի նշանակության հողամասի գնի չափով փոխհատուցում կստանային և ոչ թե գյուղատնտեսական հողամասի:
Վերը նշված և այլ հիմնավորումներով հալիձորցիները վիճարկել են կառավարության որոշումը, սակայն վարչական դատարանը 5 դատավորի կազմով, առանց հրապարակային դատաքննության հրապարակել է որոշում' հալիձորցիների հայցը մերժելու մասին:
Հալիձորցիները բերել են վճռաբեկ բողոք, որը վերադարձվել է, որից հետո Հալիձորցիները դիմել են ՀՀ սահմանադրական դատարան, որտեղ դիմումը վարույթ է ընդունվել և դատական նիստը նշանակված է 08.02.2011թ-ին:
Այդ ընթացքում, սակայն, Ընկերությունը չի կատարել օրենքով ու կառավարության որոշմամբ իր վրա դրված' մինչև 03.11.2010թ-ն հողամասերի սեփականատերերին համարժեք փոխհատուցման (Օրենքի համաձայն համարժեք է համարվում հողամասի շուկայական գնին ավելացված 15%) պայմաններով պայմանագրերի նախագծեր ուղարկելու պարտականությունը և 13 սեփականատերերից 10-ին մինչ օրս որևէ պայմանագրի նախագիծ չի ուղարկել, իսկ մյուս երեքից երկուսին ուղարկել է սահմանված ժամկետից հետո:
Ավելին, համարժեք փոխհատուցման առաջարկով պայմանագրի նախագիծ ներկայացնելու համար առնվազն պետք է լիցենզավորված կազմակերպությունը հողամասերը գնահատած լիներ, սակայն դա էլ չի արվել և ընդամենը երեք հալիձորցիներին ուղարկված պայմանագրերի նախագծերում որպես փոխհատուցման գումարի չափ նշվել է շահույթ ստանալու նպատակ հետապնդող Ընկերության կողմից հարմար գտած գումար' 1քմ հողամասի համար մոտ 80 դրամ, այսինքն 1,5 ձվի գումարից էլ պակաս գումար:
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին մասի համաձայն. «Եթե ձեռքբերողը ... սահմանված ժամկետում օտարվող սեփականության սեփականատիրոջը ... չի ուղարկում օտարման պայմանագրի նախագիծը ... ապա համարվում է, որ ձեռքբերողը հրաժարվում է տվյալ սեփականությունը ձեռք բերելուց, և տվյալ սեփականության մասով բացառիկ' գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերը համարվում են անվավեր»:
Դա նշանակում է, որ 03.11.2009թ-ից սկսած 13 հալիձորցիներից առնվազն 12-ի մասով կառավարության որոշումն օրենքի ուժով համարվում է անվավեր և չէր կարող կիրառվել:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 61.1 հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն», իսկ 92 հոդվածի 1-ին մասի համաձայն. «Սույն օրենքի համաձայն իրավաբանական ուժ չունեցող ակտը պաշտոնատար անձանց կողմից կիրառելը համարվում է պաշտոնական լիազորությունների սահմանի անցում և առաջացնում է օրենքով նախատեսված քրեական պատասխանատվություն»:
Դրանից մոտ 4 ամիս անց' 26.02.2010թ-ին Ընկերության պատվերով լիցենզավորված կազմակերպությունը հողամասերը գնահատել է, գնահատումը համապատասխանեցնելով մոտ 4 ամիս առաջ Ընկերության առաջարկած գումարին (հողամասերը գնահատելով Ընկերության առաջարկած գումարից 15% ցածր գնով, տպավորություն ստեղծելու համար, որ համարժեք փոխհատուցում է առաջարկված եղել), որից հետո էլ շահույթ ստանալու նպատակ հետապնդող Ընկերությունը դիմել է դատարան' պահանջելով, որպեսզի 13 հալիձորցիներն իր հետ իրենց հողամասերի օտարման պայմանագրեր կնքեն, որպես օտարման պայմանագրերի նախագիծ ներկայացնելով ընդամենը երեք հալիձորցիներին ուղարկված պայմանագրերը, այն էլ 1քմ հողամասը 1,5 ձվի գնով:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն էլ (դատավոր' Մ. Հովակիմյան) կիրառելով օրենքի ուժով անվավեր' ՀՀ կառավարության 26.06.2009թ-ին թիվ 944-Ն որոշումը, 2009թ. նոյեմբերին ուղարկված պայմանագրերում նշված գումարի շուկայականին համապատասխանելու ապացույց դիտելով դրանից մոտ 4 ամիս անց կատարված գնահատումը, և ընդամենը երեք հոգու անվամբ պայմանագրի նախագծի առկայության պայմաններում 31.08.2010թ. վճռով հայցը բավարարել է ու 13 հոգու պարտավորեցրել կնքել իրենց հողամասերն օտարելու պայմանագրեր:
Այս վճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք, նշելով վերը նշված և բազմաթիվ այլ խախտումներ:
Հարց է ծագում, ինչ՞ու կառավարությունն այնպիսի որոշում ընդունեց, որ հալիձորցիները ոչ թե բնակավայրի նշանակության հողամասին համարժեք փոխհատուցում ստանան, այլ' գյուղատնտեսական նշանակության հողամասին համարժեք, ինչու՞ հողամասերի օտարման գործընթացի իրականացումը դրվեց շահույթ ստանալու նպատակ հետապնդող Ընկերության վրա, ինչ՞ու վարչական դատարանն առանց դատաքննության դատական ակտ հրապարակեց, ակամայից հիշեցնելով ստալինյան եռյակները, որոնք առանց դատաքննության որոշումներ էին կայացնում մարդու բնական իրավունքներից կյանքի ու ազատության իրավունքների վերաբերյալ, իսկ այս դեպքում որոշումը վերաբերում է բնական իրավունքներից սեփականության իրավունքին, ինչու՞ վճռաբեկ դատարանը վերադարձրեց նման դատական ակտի դեմ բերված բողոքը, ինչու՞ առաջին ատյանի դատարանը աչք փակեց վերը նշված խախտումների վրա և կիրառեց ակամայից անվավեր որոշում և վերջապես ինչու՞ պետք է գյուղաբնակ հալիձորցիներն իրենց միակ եկամտի աղբյուր հողամասերից զրկվեն 1քմ-ի համար ընդամենը 1,5 ձվի գնի փոխհատուցում ստանալով, այն դեպքում, երբ նրանց ասելով այդ հողամասերից իրենց ամենամյա եկամուտն ավելին է, քան որպես փոխհատուցում առաջարկված գումարը:
Հ.Գ.
Իրենց միակ եկամտի աղբյուր հողամասը չնչին գնով կորցրած հալիձորցիները հայտնում են, որ հարկադրված են լինելու լքել գյուղը, այն դեպքում, երբ իրական շուկայական փոխհատուցում ստանալու դեպքում և ճոպանուղու գործարկման ու զբոսաշրջության ակտիվացման պայմաններում կկարողանային գյուղում բնակվել և ստացված գումարները ներդնել զբոսաշրջիկներին սպասարկելու ոլորտում:
Բեռնել
Վերադառնալ