ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ՝ ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
15.06.2022 12:17Հարգելի գործընկերներ,
2022թ․ հունիսի 13-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի ունեցավ ակումբի նիստ, որի ընթացքում քննարկվեց ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու խնդրահարույց դատական պրակտիկան։
Մասնավորապես, փաստաբանները ներկայացրեցին քննարկվող հարցի հետ կապված իրենց հավաքագրած խնդիրները և առաջարկեցին միասնական մարտավարություն մշակել բարձրացված հարցերը լուծելու համար։
Նիստի ընթացքում արտահայտվեցին փաստաբաններ՝ Զոhրակ Ապրեսյանը, Արամ Գրիգորյանը, Ազատ Շահբազյանը, Գեղամ Մարգարյանը, Արմեն Թևանյանը, Միքայել Դանիելյանը, Նարեկ Սամսոնյանը, Հովհաննես Խուդոյանը։
Հնչեցին բազմաթիվ կարծիքներ և առաջարկություններ, այդ թվում՝ համակողմանի ուսումնասիրություն կատարելու, Վճռաբեկ դատարանի հետ խնդրի առնչությամբ քննարկում կազմակերպելու, անհրաժեշտության դեպքում խնդիրը հանրայնացնելու և օրենսդրական փոփոխությունների առաջարկով հանդես գալու վերաբերյալ։
Քննարկման արդյունքում որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է հավաքագրի անհրաժեշտ տեղեկությունները, կատարի ուսումնասիրություն արծարծված հարցի վերաբերյալ:
Առաջարկվեց աշխատանքային խումբը ձևավորել փաստաբանների հետևյալ կազմով` Գեղամ Մարգարյան, Զոհրակ Ապրեսյան, Արամ Գրիգորյան, Նարեկ Սամսոնյան, Հովհաննես Խուդոյան և Վարդան Հակոբյան:
Խմբի աշխատանքները կհամակարգի Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը։
Հարգանքով՝
ՀՀ փաստաբանների պալատի ակումբի համակարգող՝
Մարինե Ֆարմանյան
Բեռնել
Վերադառնալ