ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
03.06.2022 23:14 ՀՀ փաստաբանների պալատը, որպես փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող կառույց, կարևորելով ժողովրդավարական հասարակությունում հավաքների ազատությունը, մշտապես հետևում է հավաքների մասնակիցների նկատմամբ հասարակական կարգի պահպանմանն ուղղված ուժային կառույցների կողմից դրսևորած վարքագծին։
Վերջին օրերին և հատկապես այսօր հավաքների մասնակիցների ու ոստիկանների միջև արձանագրված բախումներն անհանգստացնող են։
Խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառելը, բերման ենթարկելը և առանց սահմանված կարգով նախատեսված հիմքերի հատուկ միջոցներ կիրառելն անթույլատրելի է, նմանապես անթույլատրելի են նաև սադրանքները։
Պետությունը, կրելով հասարակական կարգի պահպանման պարտականությունը, առանց օրենքով նախատեսված հիմքերի չի կարող սահմանափակել հավաքների մասնակիցների իրավունքները։
Հետևապես, հորդորում ենք ցուցաբերել զսպվածություն և գործել օրենքի ու օրինականության շրջանակներում։
Միաժամանակ, հիշեցնում ենք, որ Փաստաբանների պալատը շարունակում է անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրել հավաքների բերման ենթարկված մասնակիցներին։ Վերջիններս իրենց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջնային անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար, կարող են կապ հաստատել խմբի փաստաբանների հետ հետևյալ հեռախոսահամարով ՝ 033-600-714:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ
Սիմոն Բաբայան
Բեռնել
Վերադառնալ