ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՑԻԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՈՒԺԻ ԵՎ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
08.05.2022 13:45Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ՝ Պալատ) խորհուրդը, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Պավել Գյուլումյանի, Գայանե Դեմիրչյանի, Ռուբեն Հակոբյանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի և Մարինե Ֆարմանյանի, Արսեն Հարությունյանի, Լիլիթ Ղազանչյանի, Մանե Կարապետյանի,
2022 թվականի մայիսի 8-ին, ուսումնասիրելով փաստաբանների, լրագրողների և այլ քաղաքացիների հրապարակային ահազանգերը, պարզել է, որ վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող խաղաղ հավաքների և քաղաքացիական ակցիաների ընթացքում ի հայտ են եկել Սահմանադրությամբ ամրագրված, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների աննախադեպ և համատարած խախտման ու ոտնահարման դեպքեր, որոնք ուղեկցվել են Ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ ոչ իրավաչափ գործողություններով:
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը արձանագրել է հետևյալը.
Մասնավորապես, այս օրերին ծավալվող հավաքների, բողոքի ակցիաների և երթերի մասնակիցների նկատմամբ Ոստիկանության ծառայողների կողմից «հասարակական կարգի պահպանության» անվան տակ իրականացվում են անհիմն և անօրինական գործողություններ, այդ թվում՝
- առանց տարբերանշանների ոստիկանության ծառայողների ներգրավմամբ.
- առանց հիմքի քաղաքացիներին վարչական ձերբակալման ենթարկելով.
- առանց հիմքի տրանսպորտային միջոցներն առգրավելով և անհիմն պահելով,
- ոստիկանության ծառայողների հայհոյախառն և ժարգոնային խոսքերով,
- ոչ անհրաժեշտ ու չհիմնավորված ֆիզիկական ուժի և ձեռնամարտի հնարքների կիրառմամբ,
- անչափահասների և կանանց նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառմամբ:
Նշված գործողությունները, ի թիվս այլ քաղաքացիների, իրականացվել են նաև մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանների և լրագրողների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն օրեր շարունակ մեծ մտահոգությամբ հետևում է տեղի ունեցող գործընթացներին։
Անթույլատրելի է խաղաղ ցուցարարների, այդ թվում` անչափահասների նկատմամբ բռնություն կիրառելու և բերման ենթարկելու գործելաոճը։ Անընդունելի ենք համարում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանների և լրագրողների նկատմամբ կիրառվող բռնության և անհանդուրժողականության դեպքերը, որոնք դեմ են ժողովրդավարական արժեքներին և իրավական պետության առաջնահերթություններին։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորվում է իրավաբանական օգնության տրամադրումը փաստաբանության միջոցով և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը մշտապես կարևորել է և ուշադրության կենտրոնում է պահել մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովման հարցը:
Վերոգրյալով պայմանավորված, դատապարտելի է ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների և ազատությունների ցանկացած խախտում կամ ոտնձգության որևէ փորձ։
Ամփոփելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Փաստաբանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի, ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 2.2. կետի պահանջները, Փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է կոչով դիմել՝
- Ոստիկանության ծառայողներին՝ զերծ մնալու մարդու իրավունքները և ազատությունները խախտող որևէ ապօրինի գործողությունից.
- Ոստիկանության ղեկավարությանը՝ լուծելու ապօրինություն դրսևորած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը:
Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 08․05․2022թ․ թիվ 7/1-Լ որոշումը:
Բեռնել
Վերադառնալ