ԶՈՀՎԱԾ ԶԱՎԱԿՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
17.08.2021 16:17Հայրենիքի պաշտպանության համար փաստաբանների ընտանիքների զոհված անդամների հիշատակը հարգելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ սահմանված հարգանքի տուրք մատուցելու համար 2021 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպվել էր միջոցառում:
Օգոստոսի 13-ը, Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված Լևոն Լևոնյանի ծննդյան օրն է:
Լևոնը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող էր, երբ 2020-ի օգոստոսին զորակոչվեց բանակ: Նա ընդամենը 40 օրվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Հենց առաջին օրից նետվել է ռազմադաշտ, կռվել Ակնայում, զոհվել՝ Կարմիր շուկայում՝ 2020թ. հոկտեմբերի 30-ին ԱԹՍ հարվածից:
Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հերոսի ընտանիքին՝ այցելելով փաստաբան Կարեն Լևոնյանի որդու՝ Լևոն Լևոնյանի շիրիմին:
Այնուհետև, Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ նկարահանված «Չպարտվածները» վավերագրական ֆիլմի առաջին դիտումը:
Ֆիլմը պատմում է փաստաբանների նահատակված զավակների՝ Լևոն Լևոնյանի, Հրաչիկ Ավետիսյանի և Միքայել Դանիելյանի մասին, ովքեր անձնվիրաբար մարտնչել և անմահացել են արցախյան երկրորդ պատերազմում:
Ֆիլմի դիտմանը ՀՀ փաստաբաննների պալատի ներկայացուցիչներից բացի ներկա էին նաև Տեր Նշան Քահանա Սարգսյանը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Համայնքապետարանի ներկայացուցիչները, զոհվածների ծնողներն ու հարազատները, զոհվածների դասղեկներն ու ուսուցիչները:
«Չկա ավելի մեծ նվիրում, քան երբ մարդը իր կյանքը զոհաբերում է այլ մարդու, կամ մարդկանց: Չկա ավելի մեծ նվեր և մեր հերոսներն իրենց կյանքն են զոհաբերել հանուն մեզ»,- նշել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Փաստաբանների պալատի նախագահը իր խոսքում ընդգծել է նաև, որ հերոսների ընտանիքները պետք է մշտապես ուշադրության կենտրոնում լինեն, հերոս ծնած ընտանիքի անդամը պետք է առավելություն ունենա բոլորից և պետք է ցանկացած միջավայրում ընդգծված հարգանքի արժանանա:
Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, ողջունելով ներկաներին, նշել է,- «Գուցե շատերը մինչև պատերազմը Լևոնին չէին ճանաչում, ես ինքս էլ լավ չէի ճանաչում նրան, բայց պատերազմից հետո, նրա նահատակվելուց հետո ես ճանաչեցի ոչ միայն Լևոնին, այլ նաև մեր 17 քաջերին: Սևան համայնքը 17 անգամ գլուխ է խոնարհել, Սևան համայնքը լավ գիտի, որ այդ տղաները իրենց պարտքն են կատարել հայրենիքի հանդեպ, նրանք կատարել են իրենց պարտքը, իսկ մենք պարտք ենք նրանց:
Մենք պարտք ենք նրանց ուժեղ ու հպարտ հայրենիք, ու պիտի բոլորս այնպես ապրենք, որ մեր տղաների աչքերում եղած հաղթանակը իսկապես ի կատար ածենք»:
Հրաչիկի մայր փաստաբան Մաի Հակոբյանը նշել է,- «Հպարտորեն ենք ընդունում, որ Մեր զավակներն են այդ արու զավակները, հերոս զավակները, ովքեր մաքուր անկատար երազանքներով լի կյանքը տվել են մեզ: Այն նուրբ սերը, որ տվել ենք իրենց, իրենք մի քանի անգամ ավելին վերադարձրեցին մեզ: Չամուսնացածներին խնդրում եմ չվախենալ ամուսնանալ և մեկի տեղը 4 և ավելի զավակներ ունենալ»:
Լևոնի հայր փաստաբան Կարեն Լևոնյանը նշել է, որ այսօր իր տղայի 21-րդ տարեդարձը, տխուր տարեդարձը, միաժամանակ նաև հպարտության տարեդարձ է: Նա նշել է, որ անչափ հպարտ է, որ Լևոնի հայրն է:
Եզրափակելով իր խոսքը՝ Լևոնի հայրը նշել է,- «Բոլորին մաղթում եմ խաղաղություն, այն խաղաղությունը, որը պարգևեցին մեր զավակները»:
Հ.Գ. Փաստաբանների պալատի նախաձեռնության համաձայն ամեն տարի փաստաբանական համայնքն իր հարգանքի տուրքն է մատուցելու մեր հերոսների ընտանիքներին:
Բեռնել
Վերադառնալ