ԶՈՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑՈՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԴԻՄԵԼ Է ԻՐԱՎԱՍՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ
01.10.2020 18:11Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը 2020թ. հոկտեմբերի 1-ին պաշտոնական պարզաբանում ստանալու մասին դիմում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ընդհանուր զորահավաքի շրջանակներում ծանուցագրեր են ստացել և ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով սահման են մեկնել աշխատող անձինք, որպիսի պարագայում առաջանում են նրանց աշխատանքային հարաբերությունների շարունակմանն առնչվող իրավական հարցեր:
Այդ հարցերից հիմնականը հանգում է հետևյալին՝ արդյոք զորահավաքին մասնակցող անձանց պետք է տրամադրվի պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար արձակուրդ և եթե այո, ապա արդյոք նրանք իրավունք ունեն ստանալ վարձատրություն արձակուրդի ընթացքում:
Նշված հարաբերությունը հստակ կարգավորված չէ, սակայն կարգավորված է զինվորական վարժանքին կամ զորավարժությանը մասնակցելու ընթացքում քաղաքացուն պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար սահմանված արձակուրդ տրամադրելու, նրա աշխատատեղը (պաշտոնը) և միջին աշխատավարձը պահպանելու (վճարելու) հարաբերությունը: Այս դեպքում, ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 2-րդ մասի պահանջների, միջին աշխատավարձը վճարում է պետական մարմինը:
ՀՀ փաստաբանների պալատն առաջարկել է զորահավաքի միջոցով ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով սահման մեկնած անձանց հետ հարաբերություններում ղեկավարվել նույն մոտեցմամբ, այսինքն՝ պահպանել աշխատողի աշխատատեղը, իսկ միջին աշխատավարձի վճարումն ապահովել պետական մարմնի միջոցով:
Հարգանքով՝
ՀՀ փաստաբանների պալատի
մամուլի ծառայություն
Բեռնել
Վերադառնալ