ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ 108 ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՊԱՆՅԱԼՆԵՐԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ․ ՆՐԱՆՑԻՑ 29-Ը ԱՐԴԵՆ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ
09.04.2020 20:08ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի քրեական գործերով զբաղվող պաշտպանները, ղեկավարվելով քրեակատարողական հիմնարկներում պահվող պաշտպանյալների առողջության ու անվտանգության պահպանման առաջնահերթությամբ, այս օրերին 100 անձի վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել ՀՀ դատախազություն և ընդհանուր իրավասության դատարաններ, և 8 վերաքննիչ բողոք՝ կալանավորումը ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու միջնորդությամբ:
Միջնորդությունների և բողոքների հիմքերում հատկապես ընդգծվել է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի 20․03․2020 թվականի հանձնարարականի պահանջները:
Այս հանձնարարականի իրականացումը, ի թիվս այլնի, նպատակ ունի կանխարգելել նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի տարածումը ՔԿՀ-ներում:
Կալանավորումն ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ ներկայացված 108 միջնորդությունից և վերաքննիչ բողոքից.
- 29-ը բավարարվել են և կալանավորումը փոխարինվել է ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով,
- 75-ը դեռևս գտնվում են քննարկման փուլում,
- 4-ը դատարանների կողմից մերժվել են:
Նշենք նաև, որ բավարարված միջնորդություններից մեկը վերաբերել է ցմահ դատապարտվածին՝ վերանայման վարույթի շրջանակում, և արդյունքում կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց:
Հանրային պաշտպանները շարունակում են միջնորդություններ ու բողոքներ ներկայացնել իրենց մյուս պաշտպանյալների խափանման միջոցները փոփոխելու համար՝ հաշվի առնելով նրանց առողջության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:
Առավել մանրամասն՝ ըստ դատավարական փուլերի և առաջադրված մեղադրանքների, կից ներկայացված տեղեկանքում:
Բեռնել
Վերադառնալ