ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՏԵՍԱՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑՈՎ

23.03.2020 15:18

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՏԵՍԱՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑՈՎ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով մարդկանց շփումները նվազեցնելուն ուղղված Կառավարության քաղաքականությունը, առաջարկել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ օրենսդրական նախաձեռնության կարգով դատավարական օրենսգրքերում համապատասխան փոփոխությունների և լրացումների, ինչպես նաև տեխնիկական աջակցության միջոցով հնարավորություն ընձեռել՝

-       փաստաբաններին՝ էլեկտրոնային կարգով ներկայացնել հայցադիմումը և այլ դատավարական փաստաթղթերը.

-       դատավարության մասնակիցներին՝ մասնակցել դատական նիստերին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ:

 Գրության մեջ նշվել է նաև, որ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստերի մասնակցությունն այս պահին թույլատրում է միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, եթե դատական նիստերի դահլիճում տեղադրված է նման հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգ: Մեր տեղեկություններով դատական նիստերի դահլիճներն այդպիսի համակարգերով ապահովված չեն:

Անհրաժեշտ են նաև տեխնիկական օժանդակության լուծումներ Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը դատարան ներկայացնելու համար:

Գրության պատճենն ուղարկվել է նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին:



Բեռնել

Վերադառնալ