ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
25.12.2019 21:16Իրավունքների պաշտպանության նախաձեռնություն հիմնադրամը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի հետ համատեղ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան ֆինանսավորմամբ իրականացվող «Ինստիտուցիոնալ և թիրախային մոտեցմամբ արդարադատության մատչելիության ծրագիր արևմտահայերեն խոսող ազգությամբ հայերի համար» ծրագրի շրջանակներում հանրային պաշտպանների համար կազմակերպել են դասընթաց որի ընթացքում ծանոթացել են դասական ուղղագրության և արևմտահայերենի առանձնահատկություններին։
Դասընթացը վարում էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեսության և պատմության ամբիոնի առաջատար գիտաշխատող, արևմտահայերենի դասախոս Հակոբ Չոլակյանը։
Հանրային պաշտպաններին ներկայացվեցին արևելահայերենի և արևմտահայերենի լեզվական առանձնահատկությունները՝ պայմանավորված պատմաաշխարհագրական առանձնահատկություններով։ Այնուհետև անցկացվել են զուգահեռներ, քննարկվել են հիմնական լեզվաբանական տարբերությունները և նմանությունները՝ ներառյալ քերականական կանոնները և գործնական իրավիճակային կիրառման ձևերը։ Հատուկ ուշադրության են արժանացել, այնպիսի լեզվական կառուցվածքներ և բառեր, որոնք կարող են հակասական իմաստներ ունենալ և գործնական անորոշություններ առաջացնել հանրային պաշտպանների համար, հատկապես իրենց արևմտահայախոս շահառուների հետ հարաբերություններում:
Դասընթացի ընթացքում հանրային պաշտպանները իրականացրել են գործնական վարժություններ և առաջադրանքներ։ Դասընթացի նյութերը՝ ներառյալ համապատասխան դասագրքերը և գործնական վարժությունները, շուտով հասանելի կլինեն հանրային պաշտպանի գրասենյակի կայքում։
Այս միջոցառումը գործնական մեծ նշանակություն է ունենալու բոլոր այն հանրային պաշտպանների և փաստաբանների համար, ովքեր իրավաբանական ծառայություններ են մատուցում արևմտահայ հայրենակիցներին: Այս քայլի նպատակներից է արևմտահայերենի պահպանման և զարգացման օժանդակումը Հայաստանում:
Բեռնել
Վերադառնալ