ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ

22.03.2019 17:50

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ

ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ Արարատի մարզպետարանի միջև այսօր՝ 2019թ. մարտի 22-ին, կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Երկու կառույցների ղեկավարները ողջունել են մարզի համար այս կարևոր նախաձեռնությունը:

«Այս նախաձեռնությունը կնպաստի մարզի բնակիչների իրավագիտակցության բարձրացմանը, ինչպես նաև կնպաստի նրանց իրավական խնդիրների լուծմանը: Մենք լավ գիտենք, որ այսօր մեր քաղաքացիները կառավարման մարմինների ներկայացուցիչներին դիմում են հիմնականում իրավական խնդիրներով և այդ առումով այս համագործակցության շահառուն լինելու է քաղաքացին»,-հուշագրի ստորագրումից հետո ընդգծել է Արա Զոհրաբյանը:

 

Խոսելով հուշագրի կարևորության մասին՝ Գարիկ Սարգսյանը նշել է․ «Մեր ունեցած ռեսուրսները միշտ չէ, որ բավարար են: Մարզպետարանի իրավաբանական բաժնի աշխատանքը գրեթե եռակի ավելացել է և չի հասցնում պատշաճ իրավախորհրդատվություն ապահովել մեր քաղաքացիներին»:

Հուշագրի ստորագրմանը ներկա էին նաև Արարատի մարզի փաստաբաններ, այդ թվում՝ Փաստաբանների պալատի Արարատի մարզային նորընտիր համակարգող Արթուր Սարգսյանը:

Ըստ հուշագրի Արարատի մարզպետարանը վարչական շենքում անվճար տրամադրելու է տարածք  ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի Արտաշատ քաղաքի նստավայրը տեղակայելու համար: Կողմերի համաձայնությամբ տարածքից օգտվելու իրավունք ունեն նաև մարզի տարածքում գործունեություն իրականացնող այն փաստաբանները, ովքեր  չունեն փաստաբանական գործունեություն  իրականացնելու տարածք: Իր հերթին ՀՀ փաստաբանների պալատը պատրաստակամություն է հայտնել տարածքում ապահովել հանրային պաշտպանների և փաստաբանների բնականոն գործունեության համար անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է նաև մարզի ավագ դպրոցներում սեմինարներ կազմակերպել աշակերտներին Մարդու իրավունքների մասին իրազեկելու և փաստաբանի մասնագիտության հիմունքներին ծանոթացնելու նպատակով: Հանրային պաշտպանների, ինչպես նաև տարածքը զբաղեցնող փաստաբանների միջոցով  յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ օր մարզի բնակիչների համար կազմակերպվելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն:

Կողմերը պայմանավորվել են անվճար իրավաբանական խորհրդատվության և տարածքների տրամադրման հարցերը քննարկել նաև մարզի մյուս քաղաքների (Մասիս, Արարատ, Վեդի) համար։

Արարատի մարզպետը նախատեսել է մարզպետարանի շենքի առաջին հարկից փաստաբանների պալատին հատկացնել առնվազն երեք աշխատասենյակ:

Հուշագրի ստորագրմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Սերգեյ Ատոմյանը Սեդրակ Թևանյանը:

Մարզում գործում է հանրային 4 պաշտպան:

 

 

 

 


01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ