ՀՀ Փաստաբանների Պալատ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

21.02.2019 12:51

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ  ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Արթուր Ղամբարյանը դիմել է վարչական դատարան՝ վիճարկելով ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 06.02.2019թ թիվ 3/4-Ա որոշման 4-րդ կետը:

Այս մասին հայտնել է Արթուր Ղամբարյանը https://www.aravot.am լրատվական կայքին:

Ըստ հրապարակված նյութի՝ փաստաբանը վիճարկում է «լրացուցիչ» վերապատրաստման պարտավորությունը, քանի որ օրենսդիրն այն նախատեսել է որպես կարգապահական տույժ:

Արթուր Ղամբարյանը նաև նշել է, որ «Ի դեպ, այս դատավարությունն առավել շատ ստրատեգիական է, քանի որ առաջին անգամ Պալատի դեմ հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան»:

Ըստ Արթուր Ղամբարյանի հայցադիմումում մատնանշված փաստարկի՝ խաթարվել է բարեխիղճ փաստաբանի պատվի և բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը:

Փաստաբանների պալատը պարզաբանում է, որ չի խախտել Արթուր Ղամբարյանի պատվի և բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ արտոնագիրը վերականգնած փաստաբանը պարտավոր է անցնել վերապատրաստման դասընթացներ` փաստաբանների պալատի խորհրդի սահմանած ժամաքանակով:

Փաստաբանների վերապատրաստման կարգի 16-րդ կետի համաձայն՝ արտոնագիրը վերականգնած փաստաբանը պարտավոր է իր հաշվին լրացուցիչ անցնել վերապատրաստման դասընթացներ՝ կասեցված յուրաքանչյուր ամսվա համար 2 (երկու) ժամ ժամաքանակով։

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 06.02.2019թ թիվ 3/4-Ա որոշման 4-րդ կետով սահմանվել է, որ Արթուր Ղամբարյանը պարտավոր է 32 (երեսուներկու) ամսվա ընթացքում իր հաշվին ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՆՑՆԵԼ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ 104 (հարյուր չորս) ակադեմիական ժամ ժամաքանակով (կասեցված յուրաքանչյուր ամսվա համար 2 ակադեմիական ժամ՝ 52x2):

Ինչպես տեսնում եք, փաստաբանների պալատի խորհուրդը 52 ամիս կասեցված արտոնագրի պայմաններում, ղեկավարվել է կարգով և սահմանել է յուրաքանչյուր ամսվա համար 2 ակադեմիական ժամ:

Ավելին, փաստաբանների պալատի խորհրդի վերոհիշյալ որոշման 4-րդ կետում օգտագործել է «ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՆՑՆԵԼ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ» բառերը և ոչ թե՝ լրացուցիչ վերապատրաստման դասընթացներ (թեև այս դեպքում էլ Արթուր Ղամբարյանը վիրավորվելու առիթ չպետք է ունենար):

Ինչ վերաբերում է Արթուր Ղամբարյանի այն տեղեկությանը, որ առաջին անգամ է վարչական դատարան հայց ներկայացվել փաստաբանների պալատի դեմ, ապա դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ մինչ այժմ 8 անձ դիմել է փաստաբանների պալատի դեմ ՀՀ վարչական դատարան: Վարչական դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել է, քանի որ փաստաբանների պալատը չի հանդիսանում վարչական մարմին, իսկ ՓՊ խորհրդի որոշումը չի հանդիսանում վարչական ակտ:

Մեր կարծիքով, Արթուր Ղամբարյանն իր պարտականությունը կատարելուց խուսափելու նպատակով է դիմել դատարան: Նախկինում էլ Արթուր Ղամբարյանը ՀՀ փաստաբանների պալատի հետ փոխհարաբերություններում մի քանի անգամ խախտել է իր պարտականությունը:

Փաստաբանների պալատն իր փաստարկները կներկայացնի դատարանին:

 

ՀՀ փաստաբանների պալատի

մամուլի խոսնակ Հայկ Հակոբյան



Բեռնել

Վերադառնալ