ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏ ՍՏՈՒՄ Է

07.12.2018 21:46

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ  ԲԱՑԱՀԱՅՏ ՍՏՈՒՄ Է

ՀՀ վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանի կողմից «TV9.am» էլեկտրոնային լրատվամիջոցով ՀՀ փաստաբանների պալատին վերագրված մեղադրանքների կապակցությամբ, տեղեկացնում ենք հետևյալը.

Նիկոլայ Բաղդասարյանը 06.12.2018թ. նշել է՝ «փաստաբանական պալատը Հայաստանի Հանրապետությունում պիտի է լինի ապաքաղաքական մարմին, իսկ այդ որոշումը, որ կայացվել է իմ անձի նկատմամբ, դա քաղաքական որոշում է եղել, և ես տեսնում եմ այդտեղ Ռոբերտ Քոչարյանի, չակերտների մեջ ասած, հետևում կայնած ականջները։»։

Նիկոլայ Բաղդասարյանի կողմից ՀՀ փաստաբանների պալատի վերաբերյալ այսպիսի անհաշվետու հայտարարությունն իրականության հետ որևէ առնչություն չունի։

Նիկոլայ Բաղդասարյանը փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին է վերագրել, իբրև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում, որպես թեկնածու առաջադրված փաստաբան Գեորգի Մարտիրոսյանի դեմ քվեարկելու պատճառով իրեն հետապնդումը, որը դրսևորվել է իբրև նրա փաստաբանական դպրոցի տնօրենի լիազորությունները և խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու միջոցով: Ըստ նրա խոսքի՝ «…մեր ջրերը չգնացին նույն առվի մեջով, եթե հիշում եք ինքը նախաձեռնեց մի գործընթաց որպեսզի իմ ընկերոջը խնդրեց որ իմ վրա դիմում գրի բողոք, որպեսզի ինձի զրկեն խորհրդի անդամից, այնուհետև գործընթաց գնաց որպեսզի զրկեին ընձի փաստաբանական պալատի տնօրենի պաշտոնից, ընդ որում ես համաձայնվեցի ասեցի պաշտոնը ձեզ:»:

Նիկոլայ Բաղդասարյանի հայտնած այս սուտ տեղեկությունը հերքվում է պարզ ժամանակագրությամբ:

Այսպես, Նիկոլայ Բաղդասարյանի, որպես փաստաբանական դպրոցի տնօրենի լիազորությունները դադարեցվել են 2014 թվականի ապրիլի 15-ին՝ իր հրաժարականի դիմումի հիման վրա (կարող ենք հիշեցնել նաև այդ հրաժարականին նախորդող իրադարձությունները՝ կապված փաստաբանական դպրոցի ֆինանսական կառավարման և ուսումնական գործընթացների հետ):

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածության հարցը փաստաբանների պալատում քննարկվելուց առաջ, 30.05.2014 թվականին (Նիկոլայ Բաղդասարյանի կողմից հրաժարական տալուց ավելի քան մեկ ամիս հետո) հայտարարություն է տարածվել և առաջարկվել է ներկայացնել փաստաբանների թեկնածություններ: Առաջադրված 2 փաստաբան թեկնածուներից, փաստաբանների պալատի խորհրդի անդամների մեծամասնությունն 2014թ. հունիսին առաջարկել է թեկնածներից մեկին՝ Գեորգի Մարտիրոսյանին, որը նաև 2011 թվականին է առաջադրվել, որպես ԿԸՀ թեկնածու (երբ Նիկոլայ Բաղդասարյանը գտնվում էր փաստաբանների պալատում և հանդիսանում էր խորհրդի անդամ):

Ինչպես տեսնում ենք, Նիկոլայ Բաղդասարյանը բացահայտ ստում է:

Ինչ վերաբերում է փաստաբանների պալատի խորհրդից հեռացվելու հարցին, ապա նրա խորհրդի անդամի լիազորությունները դադարել են խորհրդի նիստերից անհարգելի բազմաթիվ բացակայությունների պատճառով։

Նիկոլայ Բաղդասարյանի փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցվել է, քանի որ նա հանդիսանում է հանրային պաշտոն զբաղեցնող անձ՝ վարչապետի խորհրդական, իսկ փաստաբանությունը, որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտ չի մտնում պետական մարմինների համակարգի մեջ և անկախ է: Նիկոլայ Բաղդասարյանի այս կապակցությամբ ներկայացված միտքն առ այն, որ՝ «ոչ թե դա իմ դեմ էր, դա դեմարշ էր, խնդիրը իմ կարծիքով  Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու գործընթացն էր, նա էլ փորձում էր մնացած ռեսուրսներն օգտագործելով..» բացահայտ սուտ է:

Կարծում ենք, որ վարչապետի խորհրդականի բարձր պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պատասխանատու գտնվել և հաշիվ տալ իր խոսքերին, քանի որ իր ներկայացրած մտքերը և տրամադրությունները կարող են վերագրվել վարչապետին կամ կառավարությանը, ինչը կնշանակեր, որ ՀՀ փաստաբանների պալատը, որպես պետական մարմիններից անկախ կառույց գործադիր իշխանության կողմից դիտարկվում է, որպես «ոչ բարեկամ կազմակերպություն»:

Նիկոլայ Բաղդասարյանի իմաստ չարտահայտող որոշ նախադասությունների չենք անդրադառնում:

 

 

ՀՀ փաստաբանների պալատի

մամուլի խոսնակ՝

Հայկ Հակոբյան



Բեռնել

Վերադառնալ