ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԱՐԺԱՆԵՑԵԼ Է «ՈՐԱԿԻ ԵՐԱՇԽԻՔ 2018» ՄՐՑԱՆԱԿԻ
17.11.2018 14:30Փաստաբանների պալատն այսօր՝ նոյեմբերի 17-ին, «Որակի Համաշխարհային Օրվա» կապակցությամբ կառավարման որակյալ համակարգերի ներդրման և արդյունավետ կիրառման համար արժանացել է «Որակի երաշխիք 2018թ․» մրցանակին: Այն ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին հանձնել է Որակի Համառուսական կազմակերպության նախագահ, տնտեսագիտության և տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ և ՌԴ գիտության ոլորտում պետական մրցանակի դափնեկիր Գենադի Վորոնինը:
Շնորհակալական խոսքում փաստաբանների պալատի նախագահը մասնավորապես նշել է․ ««Որակը հաջողություն է» խորագրի ներքո միջոցառման նպատակը նաև արտադրության և սպասարկման ոլորտում բարձր որակի նշանակության ընդգծումն է, ինչպես նաև որակի հետ կապված խնդիրների վրա ուշադրություն հրավիրելը, ինչը ողջունելի է:
Որակը սահմանում է ծառայության կամ արտադրանքի հատկությունների այն ամբողջությունը, որը տվյալ արտադրանքին կամ ծառայությանը հնարավորություն է տալիս բավարարելու խոստացված կամ ենթադրելի պահանջմունքները:
Հետևաբար, շատ կարևոր է ծառայության կամ արտադրանքի որակի բարձրացմանն ուղղված ցանկացած միջոցառում:»
Միջոցառմանը որակյալ ծառայությունների ու կառավարման համակարգերի ստանդարտների մասին ելույթներ են ունեցել Ռուսաստանի և Ավստրալիայի փորձագետներ:
«Որակի Համաշխարհային Օրը (World Quality Day) ամենամյա միջոցառում է, որն անց է կացվում աշխարհի շատ երկրներում՝ նոյեմբերի երկրորդ հինգշաբթի օրը (այս տարի՝ նոյեմբերի 17-ին): Այդ օրվա նախաձեռնողն է Որակի Եվրոպական կազմակերպությունը (EOQ)՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) աջակցությամբ: Որակի Համաշխարհային օրը նշվել է դեռևս 1960 թվականից, սակայն պաշտոնապես այն հաստատվել է 1990 թվականին ՄԱԿ-ի կողմից: Վեց տարի անց, Որակի եվրոպական կազմակերպությունը նոյեմբերի երկրորդ հինգշաբթին հայտարարեց Եվրոպական որակի շաբաթ:
Միջոցառումը կազմակերպվել է «Բիզնես Դիալոգ» ՓԲԸ և ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի կողմից։ Մրցանակների են արժանացել նաև տարբեր ոլորտներում ծառայություններ մատուցող 10 այլ կազմակերպություններ:
Բեռնել
Վերադառնալ