ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
13.11.2018 11:21Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը մասնակցել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովին, որը կազմակերպել էին Վրաստանի փաստաբանների միությունը, Եվրոպայի խորհուրդը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Եվրոպայի փաստաբանների միությունը:
Համաժողովն անցկացվում էր «Փաստաբանի մասնագիտության բացառիկությունը» խորագրով:
Պատվիրակության կազմում էին փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, խորհրդի անդամներ՝ Սիմոն Բաբայանը, Սեդրակ Ասատրյանը և Տիգրան Խուրշուդյանը: Համաժողովին մասնակցել են Վրաստանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ավստրիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի, Թուրքիայի, փաստաբանական միությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Փաստաբանների Եվրոպական ասոցիացիայի նախագահ Մարիա Սլազակը:
Համաժողովին շոշափվել են փաստաբանական ինստիտուտի վերաբերող մի շարք կարևորագույն հարցեր: Մասնավորապես՝
- փաստաբանի մասնագիտության բացառիկությունը.
- իրավաբանական ծառայությունների պաշտպանությունը.
- փաստաբանի մասնագիտություն մուտք գործելու եվրոպական ստանդարտները և առաջատար փորձը.
- փաստաբանական միությունների և անհատ փաստաբանների դերը անվճար իրավաբանական ծառայությունների ապահովման գործընթացում.
- փաստաբանի մասնագիտության վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի ստեղծման տեսլականը:
Նշված հարցերի շրջանակներում հայաստանյան պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ փաստաբանների պալատի և Փաստաբանական դպրոցի փորձը: Հերթական անգամ հատուկ ուշադրության է արժանացել փաստաբանի մասնագիտություն մուտք գործելու հայաստանյան ընթացակարգերը և Փաստաբանական դպրոցի գործունեությունը: Այս մասով քննարկվել է նաև Հայաստանի և Վրաստանի միջև փորձի փոխանակման հնարավորությունը:
Համաժողովի առանցքային հարցն է հանդիսացել փաստաբանի մասնագիտության վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի ստեղծման հեռանկարը:
Միջազգային մի շարք հեղինակավոր փորձագետների կողմից ներկայացվել է փաստաբանի մասնագիտության կոնվենցիոն կարգավորման անհրաժեշտությունը: Զուգահեռներ են անցկացվել այլ մասնագիտությունների հետ, որոնք ունեն համապատասխան կարգավորում:
Քննարկումների արդյունքում, համաժողովի ավարտին մասնակիցների միաձայն որոշմամբ ընդունվել է միասնական դիմում-հայտարարություն՝ Փաստաբանի մասնագիտության վերաբերյալ եվրոպական կոնվենցիայի ստեղծմանն օժանդակելու մասին:
Փաստաբանների համաժողովում ընդունվել են նաև հետևյալ հայտարարությունները՝
- «Պետությունը իր քաղաքացիներին պարտավոր է ապահովել արդարադատության մատչելիությամբ՝ երաշխավորելով, որ բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն ֆինանսական դժվարություններ պետք է հնարավորություն ունենան փաստաբանի միջոցով ստանալու պրոֆեսիոնալ իրավաբանական խորհրդատվություն և ներկայացուցչություն:
Այսպիսով․
- փաստաբանների պալատը պետք է աջակցի կառավարության կողմից իրավաբանական օգնության ծրագրերի ընդլայնմանը
- փաստաբանների պալատի կողմից պետք է մշակվեն անվճար իրավաբանական օգնության (pro bono) տրամադրման ձևաչափեր.
- փաստաբանների պալատը պետք է կառավարությունում հանդես գա անվճար իրավաբանական ծառայություն մատուցած փաստաբանին փոխհատուցում տրամադրելու նախաձեռնությամբ (օր․ հարկային բեռի թեթևացում):
- Վստահորդի լավագույն շահը պահանջում է, որ իրավաբանական օգնությունը տրամադրվի փաստաբանների միջոցով, որովհետև՝
1․ փաստաբանների անկախությունը, մասնագիտական կոնֆիդենցիալությունն (փաստաբանական գաղտնիքը) երաշխավորվում է օրենքով,
2․ փաստաբաններն ունեն մասնագիտական կրթություն և անցնում են պարբերական վերապատրաստումներ,
3․ փաստաբանները գործում են վարքագծի կանոնագրքի համաձայն, որը վերահսկվում է փաստաբանների պալատի կողմից: Վերջինս կարող է կիրառել կարգապահական տույժեր, եթե փաստաբանների կողմից խախտվում են փաստաբանի վարքագծի կանոնագրքի դրույթները,
4․ փաստաբանների մասնագիտական գործունեության պատասխանատվությունը, որպես կանոն երաշխավորվում է:
Բեռնել
Վերադառնալ