ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

18.10.2018 12:14

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 2018թ. հոկտեմբերի 17-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրի շրջանակներում կողմերը պատրաստվում են համագործակցել մարզի բնակիչների համար իրազեկման ծրագրերի իրականացման, անվճար և արդյունավետ իրավաբանական օգնության տրամադրման ուղղություններով:

Ողջունելով ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչներին` Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշեց. «Այս ոլորտում փաստաբանների պալատի հետ համատեղ հուշագիր ստորագրելով՝ հստակ ամրագրում ենք իրավագիտակցության բարձրացման առնվազն տեխնիկական անհրաժեշտություն համարվող քայլերից մեկը: Նպատակը շատ հստակ է. մարզում հասանելի դարձնել փաստաբանի ինստիտուտը և հանրային պաշտպանին հասու դարձնել մարզի օրենքով սահմանված խմբերին»:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց համագործակցությանը սկիզբ դնելու ջանքերի համար և հայտնեց, որ հուշագրով ամրագրված պայմանավորվածությունները նպաստելու են հանրային իրավագիտակցության բարձրացմանը: «Ցանկանում ենք այս համագործակցությամբ նպաստել իրավական մշակույթի բարձրացմանը: Բոլորս էլ լավ գիտենք, որ մարդը և նրա իրավունքներն ու ազատությունները պետության կողմից ճանաչված բարձրագույն արժեք են: Եվ այս առումով մեր բոլորի ջանքերը կարծում եմ ուղղված են մարդուն կարևորելուն և նրանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելուն»,-արձանագրեց Արա Զոհրաբյանը:

Ըստ հուշագրի Կոտայքի մարզպետարանը վարչական շենքում անվճար տրամադրելու է տարածք  ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի Հրազդան քաղաքի նստավայրը տեղակայելու համար: Կողմերի համաձայնությամբ տարածքից օգտվելու իրավունք ունեն նաև մարզի տարածքում գործունեություն իրականացնող այն փաստաբանները, ովքեր  չունեն փաստաբանական գործունեություն  իրականացնելու տարածք: Իր հերթին ՀՀ փաստաբանների պալատը պատրաստակամություն է հայտնել տարածքում ապահովել հանրային պաշտպանների և փաստաբանների բնականոն գործունեության համար անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է նաև մարզի ավագ դպրոցներում սեմինարներ կազմակերպել աշակերտներին Մարդու իրավունքների մասին իրազեկելու և փաստաբանի մասնագիտության հիմունքներին ծանոթացնելու նպատակով: Հանրային պաշտպանների, ինչպես նաև տարածքը զբաղեցնող փաստաբանների միջոցով  յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ օր մարզի բնակիչների համար կազմակերպելվելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն:

Կողմերը պայմանավորվել են անվճար իրավաբանական խորհրդատվության և տարածքների տրամադրման հարցերը քննարկել նաև մարզի մյուս քաղաքների (Աբովյան և Եղվարդ) համար։

Նշենք, որ մարզում գործում է 6 հանրային պաշտպան:

 


01
01
01
01
01
01



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ