ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ
12.07.2018 09:122018 թվականի հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում նշվել է 1999-2004թթ. ՀՀ փաստաբանների միության նախագահ Միշա Փիլիպոսյանի 80 ամյա հոբելյանը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, շնորհավորելով հոբելյարին, նշել է, որ փաստաբանական համայնքում կարևորում են սերունդների համերաշխությունը, ավագ գործընկերների փորձի փոխանցումը:
Ծննդյան 80 ամյակի և փաստաբանական ինստիտուտի կայացման գործում ունեցած ավանդի համար Միշա Փիլիպոսյանը պարգևատրվել է պատվոգրով և ոսկեպատ կրծքանշանով:
Փաստաբանների միության նախկին նախագահը շնորհակալություն է հայտնել միջոցառման համար՝ նշելով, որ նման ուշադրութունը կարևոր է տարիքով ավագ փաստաբանների համար: Հիշելով փաստաբանությանը վերաբերող առաջին օրենքի ստեղծմանը իր մասնակցությունը՝ նա ներկաներին ասել է, որ այդ օրենքի հիմքում փաստաբանական համայնքի միախմբվածությունն էր և մեկ ընդհանուր պալատ ունենալու գաղափարը, ինչը տարիների ընթացքում ապացուցել է իր գործունակությունը: Նա հորդորել է գործընկերներին ետ չնայել և իրականացնել համայնքին վերաբերող բոլոր բարի նպատակները:
Փաստաբանների պալատի նիստերի դահլիճի նախագահների համար առանձնացված անկյունում փակցվել է նաև Միշա Փիլիպոսյանի նկարը և փաստաբանական ուղու վերաբերյալ տեղեկատվություն:
Միշա Փիլիպոսյանի հակիրճ աշխատանքային կենսագրությունը:
Միշա Հայկազի Փիլիպոսյանը ծնվել է 1938 թվականին Թալինի շրջանի Մաստարա գյուղում (Արագածոտնի մարզ):
Փաստաբանությամբ սկսել է զբաղվել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո՝ 1968 թվականից:
1972 թվականին նշանակվել է Շահումյանի շրջանի իրավաբանական կոնսուլտացիայի վարիչ:
Պարբերաբար ընտրվել է ՀՀ փաստաբանների կոլեգիայի նախագահության անդամ:
1992-1996 թվականներին ընտրվել է Կոլեգիայի նախագահության նախագահի առաջին տեղակալ:
1996 թվականին ընտրվել է Կոլեգիայի նախագահության նախագահ:
Համահեղինակ է «ՀՀ փաստաբանական գործունեության մասին» ՀՀ առաջին օրենքին, որով էլ հետագայում ձևավորվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների միությունը:
1999 թվականի մարտի 7-ին ՀՀ փաստաբանների միության հիմնադիր ժողովում ընտրվել է ՀՀՓՄ առաջին նախագահ:
1992-2012 թվականներին ընտրվել է փաստաբանների համագործակցության միջազգային միության փոխնախագահ՝ Հայաստանի Հանրապետությունից (Մոսկվա):
2003 թվականի մարտի 1-ին վերընտրվել է ՀՀՓՄ նախագահ՝ ձայների գերակշիռ մեծամասնությամբ:
2004 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվեց «Փաստաբանության մասին» ՀՀ նոր օրենքը, որի հիմքով պետք է ձևավորվեր փաստաբանների պալատը:
2005-2009 թվականներին ղեկավարել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը:
2009-2011 թվականներին աշխատել է ՀՊԳ-ում որպես փաստաբան:
Բեռնել
Վերադառնալ