ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 100 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
02.07.2018 10:38Ուղիղ մեկ դար է անցել, երբ Հայաստանի առաջին Հանրապետության Խորհուրդն ընդունեց ՝ Ռուսական կայսրության դատական համակարգի ներմուծման մասին օրենքը: Այդ տարիներին դատական համակարգին առընթեր գործող դատախազության վերաբերյալ մեզ շատ բան չի հասել:
Խորհրդային կարգերի ժամանակ ձևավորման, բազմաթիվ փոփոխությունների ենթարկված դատախազությունն Անկախ Հայաստանում օրենսդրորեն ամրագրվեց իր ստեղծումից ութսուն տարի անց՝ 1998 թվականի հուլիսի 1-ին:
Դատախազության պատմությունը ոչ միայն զուգորդվում է ընդհանուր դատական համակարգի պատմությամբ, այլև չի կարող դիտարկվել փաստաբանության պատմությունից առանձին:
Իրավաբանական ֆակուլտետներում լսարանային քննարկումները հիմնականում ծավալվում էին դատախազի և փաստաբանի մասնագիտական աշխատանքների նրբության, առողջ մրցակցության սկզբունքի շուրջ:
Մարդու իրավունքների պաշտպանության հարցերում էլ հակասությունները, ինչպես նաև մասնագիտական բանավեճերը շատ էին մեղադրանքի և պաշտպանության կողմերի միջև:
Տարիներ առաջ հնարավոր չէր պատկերացնել, բայց այսօր իրողություն է, որ փորձ արվեց անգամ միատեսակ տուգանքի ենթարկել դատախազներին ու փաստաբաններին:
Լինելով բարիկադի հակառակ կողմերում՝ այս խնդիրը կասեցնելու երկրորդ կարծիք չկա: Մեր համակարգերն ունեն ընդհանուր պատմություն, նաև ընդհանուր խնդիրներ:
Շնորհավորում ենք Դատախազության կազմավորման հարյուրամյակը: Դատախազության աշխատողների պրոֆեսիոնալիզմի, շրջահայացության և հզոր համակարգ կերտելու արդյունքում մենք ունենալու ենք առավել պաշտպանված, դատական սխալները հնարավորինս բացառող արդարադատության համակարգ:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան
Բեռնել
Վերադառնալ