ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐՈՎ

22.05.2018 18:37

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐՈՎ

2018 թվականի մայիսի 22-ին ՀՀ փաստաբանական դպրոցի  61 շրջանավարտ ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ողջույնի  խոսքում նշել է. «Այսօր երկրի իշխանությունների կողմից հրապարակային հայտարարությունների տեսքով մենք ստանում ենք այն հավաստիացումները, որ արդարադատության իրականացման համար վերանալու են խոչընդոտները: Այս նոր իրավիճակում փաստաբանի դերն առավել քան երբևէ կարևոր և առանցքային է լինելու»: Նա շեշտել է, որ արտոնագրի հավակնորդներից յուրաքանչյուրն իր ուժերով է ընդունվել, սովորել փաստաբանական դպրոցում և ստացել որակավորման վկայական, ինչը կարևոր է հետագա գործունեության ընթացքում կոռուպցիոն ռիսկերը բացառելու հարցում: Փաստաբանների պալատի նախագահը բարի երթ է մաղթել ապագա փաստաբաններին՝ հիշեցնելով նրանց մասնագիտական գործունեությանը սրտացավորեն մոտենալու մասին:

Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Փաստաբանական դպրոցի տնօրինությանը, և աշխատակազմին, Փաստաբանական դպրոցի խորհրդի անդամներին, Փաստաբանների պալատի աշխատակազմին, որոնց ջանքերով կազմակարպվել և անց են կացվել ուսումնառությունը և որակավորման քննությունները: 

Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը շնորհավորել է շրջանավարտներին՝ ընդգծելով փաստաբանի դերի կարևորությունն օրենսդրական փոփոխությունների  շրջանակներում: Նա հորդորել է շրջանավարտներին պատվով իրականացնել իրենց առաքելությունը. այն է՝ լինել արդարադատության իրականացման առանցքային դերակատար: Նա վստահություն է հայտնել, որ ապագա փաստաբաններն ունենալու են իրենց ավանդը փաստաբանության զարգացման գործում:  Զուգահեռներ անցկացնելով ԱՊՀ երկրների փաստաբանական ինստիտուտների հետ՝ Սիմոն Բաբայանը նշել է, որ մեր հանրապետության փաստաբանական համակարգն առաջատար դիրքերում է շնորհիվ նաև երիտասարդ և  ստեղծագործ մտածողություն կրող փաստաբանների:   

Խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ հիշեցնելով, որ ուսումնառության ընթացքում սովորած և քննարկած թեմաների արժեքը նկատվելու է աշխատանքի ընթացքում: Նա խորհուրդ է տվել մասնագիտությանը վերաբերել պատասխանատվությամբ և լինել պրոֆեսիոնալներ: Մաղթել է ապագա փաստաբաններին հիմնել գրասենյակներ և մատուցել արժանավայել ծառայություն: Սեդրակ Ասատրյանն իր ելույթն ավարտել է Կոնֆուցիոզի խոսքերով. «Հիշեք, որ հազարավոր կիլոմետրերը սկսվում են առաջին քայլից»: Եզրափակելով խոսքը՝ Սեդրակ Ասատրյանը ապագա գործընկերներին  հորդորել է քայլ անել:

Խորհրդի անդամ Տարոն Սիմոնյանը նշել է, որ փաստաբանն անարդարության դեմ պայքարի մարտիկ է: Նա խորհուրդ է տվել չհիասթափվել և չհանձնվել, հաղթահարել վախերը: Նա նշել է, որ փաստաբանը պետք է կարողանա իրավունքը բարձրացնել արվեստի մակարդակի:  «Այն օրը, երբ գիտակցենք, որ ոչ թե մարդն է պայքարի մեջ, այլ պայքարը մարդու մեջ, կլինի արդարության հաղթահանդես»,-համոզմունք է հայտնել Տարոն Սիմոնյանը: Նա  մաղթել է  սիրել գործը և կերտել արդարության պայքարի սեփական պատմությունը:


Խորհրդի անդամ Արա Ղազարյանը նշել է, որ այն ինչ հիմա է կատարվում մեր երկրում մեծ հորիզոններ է բացում ապագա փաստաբանների համար: Նա շեշտել է մարդու իրավունքի նորմատիվ բնույթի հանդեպ հարգանքը: Արա Ղազարյանը նկատել է, որ փաստաբանի աշխատանքում ամենահետաքրքիրներից մեկն այն է, որ բոլորը կարող են լինել նրա վստահորդները: «Փորձը ցույց է տալիս, որ երեկվա ընդդիմախոսը դառնում է փաստաբանի վաղվա վստահորդը»,-ասել է նա: Արա Ղազարյանը ուշադրություն  է հրավիրել մրցակցային պայմանների պարագայում միշտ հիշել փաստաբանական էթիկայի մասին և չվիրավորել հակառակորդ կողմը ներկայցնող գործընկերոջը: Նա հիշեցրել է, որ միշտ էլ հնարավոր է առանց վիրավորելու սուր քննադատել:

Ելույթներով հանդես են եկել նաև Փաստաբանական դպրոցի շրջանավարտներ Դիանա Քարազյանը,  Վարազդատ Հարությունյանը և Վահագն Ավագյանը:  Նրանք շնորհակալություն են հայտնել Փաստաբանական դպրոցի դասախոսական կազմին և աշխատակազմին ուսունառության գործընթացի պատշաճ կազամակերպման համար: Ապագա փաստաբանները նշել են, որ  ամենօրյա աշխատանքով արդարացնելու են փաստաբանի պատվաբեր կոչումը: Վարազդատ Հարությունյանը համարել է փաստաբանական դպրոցը հետբուհական կրթության լավագույն օրինակներից և կարևորել փաստաբանության դերը քաղաքացիական հասարակության կայացման գործում: Վահագն Ավագյաը նշել է, որ յուրաքանչյուր փաստաբանի հաջողություն համայնքի հաջողությունն է: Նա  կարծիք է հայտնել, որ մարդն ամենաթանկ կապիտալն է և վճիռները պետք է կայացվեն հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի:  

Ելույթներին հաջորդել են փաստաբանների հանդիսավոր երդման և արտոնագրերի հանձնման  արարողությունները: 


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ