ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆ ԱՎԱԳ ԼԱԼԱՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԴԵՊՔԸ

21.04.2018 14:13

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ  ՊԱԼԱՏԸ  ԽՍՏՈՐԵՆ  ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆ ԱՎԱԳ ԼԱԼԱՅԱՆԻ  ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԴԵՊՔԸ

Փաստաբան Ավագ Լալայանը 2018թ. ապրիլի 20-ին մի խումբ ոստիկանների կողմից Երևանի Սիլիկյան և Շիրազ փողոցների խաչմերուկում բռնության է ենթարկվել, երբ փորձել է նույն վայրում ոստիկանների կողմից բերման ենթարկվող անչափահասներին իրավաբանական օգնություն տրամադրել:

ՀՀ hատուկ քննչական ծառայության կողմից դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել պարզելու համար, թե Ավագ Լալայանի մարմնի վրա ինչպիսի՞ վնասվածքներ կան:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը խստորեն դատապարտում է փաստաբան Ավագ Լալայանի նկատմամբ բռնություն կիրառելու և նրա մասնագիտական գործունեության խոչընդոտելու դեպքը և հիշեցնում է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանը, նրա ընտանիքի անդամները և նրանց գույքը գտնվում են պետության պաշտպանության ներքո։ Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար անհրաժեշտ' օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով:

Փաստաբանների պալատը պատկան մարմիններից ակնկալում է նշված միջադեպի կապակցությամբ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, և հետևողական է լինելու իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանի նկատմամբ բռնություն կիրառողներին պատասխանատվության ենթարկելու հարցում:


Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
նախագահ՝ Արա Զոհրաբյան



Բեռնել

Վերադառնալ