ՓԱՍՏԱԲԱՆ ՏԻԳՐԱՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ
17.03.2018 12:30Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 17.03.2018թ. որոշմամբ փաստաբան Տիգրան Աթանեսյանի (արտոնագիր թիվ 78) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջի խախտման հատկանիշներով:
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել «Հայկական ժամանակ» օրաթերթի http://armtimes.com լրատվական կայքում 2018թ. մարտի 13-ին կատարված «Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա հարձակված անձինք երաշխիքներ են ունեցել. փաստաբան» վերտառությամբ հրապարակումը, որտեղ փաստաբան Տիգրան Աթանեսյանը փաստաբանների պալատը բնորոշել է որպես խուժան և խայտառակ հիմնարկ:
Կարգապահական վարույթը հարուցվել է ստուգելու համար այն հանգամանքը, թե վերոնշյալ հրապարակման մեջ արտացոլված «պալատը խուժան հիմնարկ է» և «պետք է հանրությունը իմանա ինչ է իրենից ներկայացնում այդ խայտառակ հիմնարկը ուր է հասել» արտահայտություններն արդյո՞ք կատարվել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից, թե՞ ոչ, եթե այո, ապա փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից զանգվածային լրատվության միջոցով փաստաբանների պալատի մասին նման որակումներ տալը (արտահայտություններ կատարելը) նպաստում է արդյո՞ք փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը, թե՞՝ ոչ:
Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից 11.02.2012թ. թիվ 1/4-Լ որոշմամբ հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:
Բեռնել ՀՀ ՓՊ նախագահի 17.03.2018թ. թիվ 126-Ա/ԿԳ-18056 որոշումը
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
մամուլի խոսնակ՝ Ծովինար Խաչատրյան
Բեռնել
Վերադառնալ