ՀՀ Փաստաբանների Պալատ

ԿԱՅԱՑԱՎ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

18.10.2017 16:23

ԿԱՅԱՑԱՎ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»   ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

2017թ․ հոկտեմբերի 18-ին ՀՀ փաստաբանների պալատը քննարկում էր նախաձեռնել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Պալատի նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ՀՀ արդարադատության նախարարությունը նախագծի ընդունումը պայմանավորում է բռնության դեպքերի մեջ տեղ գտած ընտանեկան բռնության առկայությամբ, որի դեպքերին առնչվող վիճակագրությունը փոքր է, բայց նախարարությունը վստահեցնում է, որ լատենտայնություն կա, թաքնված դեպքերը շատ են: Նա բերելով բռնության մի շարք օրինակներ՝ նշել է, որ այն առկա է դպրոցներում, ԲՈՒՀ-երում, բանակում, պետական մարմիններում՝ հավելելով, որ բոլոր տիպի բռնությունների արձանագրման դեպքում էլ ընտանեկան բռնություններն էլի աննշան թիվ են կազմելու:
Ըստ նրա նախագծում ձևակերպումներ կան, որոնք կարող են խաթարել ներընտանեկան անդորրը: Նա նշել է, որ ընտանիքը փակ է, միջանձնային գաղտնիություն կա և օրինագիծը կարող է հնարավորություն տալ պետության ներկայացուցչին այդ միջավայր ներխուժելու: Արա Զոհրաբյանը նկատել է, որ նախագծով ոստիկանության ներկայացուցիչներն ունենալու են լիազորություն միջամտելու և հետևանքներ առաջացնելու ընտանիքի անդամների նկատմամբ: Կարող են հեռացնել բռնություններ անողին իր տանից, ընդ որում, ընտանիքի այդ անդամը կարող է լինել նաև սեփականատերը, կարող է երեխաների տեսակցության ժամանակավոր կարգ սահմանել, մինչդեռ ծնողների իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ դատարանի որոշմամբ, այստեղ արդեն հակասահմանադրական դրույթ կա։
Նա անդրադարձել է նաև հոգեբանական և տնտեսական բռնությունների ձևակերպմանը՝ մեկնաբանելով. «Այդպիսի բռնություն կարող է համարվել գիրանալու հակում ունեցող երեխային երեկոյան հացաբուլկեղենից զրկելը, երեխաներին սովորեցնելը, որ իրենց ցանկություններն ու կրքերը զսպեն, ծնողի պարտականությունները կարող են նմանվել տնտեսական կամ հոգեբանական բռնություններին: ԱՆ ներկայացուցիչները նշում են, որ այդ դեպքերը չեն կարող համարվել տնտեսական կամ հոգեբանական բռնություն, բայց իրավական ակտը մեկնաբանվում է նրանում պարունակվող արտահայտությունների տառացի մեկնաբանությամբ»:
Պալատի նախագահը վստահություն է հայտնել, որ կարող են փոխհամաձայնության գալ և ճիշտ ձևակերպումներ տալ նախագծում՝ տեղեկացնելով, որ աշխատանքային խումբ է ստեղծվել և փորձելու են բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ համատեղ ուժերով գործնական առաջարկություններ ներկայացնել: Արդյունքների վերաբերյալ նա 3 հնարավոր զարգացում է կանխատեսել՝ 1. Այս օրենքի նախագիծը դուրս կգա շրջանառությունից: 2. Այս նախագիծը կփոփոխվի հասարակական ճնշման, իրավական հիմնավոր ներկայացման արդյունքում, 3-րդ սցենարն էլ այն է, որ ոչ մի բան չի փոխվի, կմնա այն, ինչ կա:
«Միանշանակ պետք է ընդունենք, որ որևէ մեկը բռնության կողմ չէ՝ որևէ տեսակի: Ի՞նչ տարբերություն, թե բռնությունը որտեղ է գործում՝ պառլամենտում, ընտանիքում, եկեղեցում, դրա վերաբերյալ կա Քրեական օրենսգիրք: Ընտանեկան բռնությունը քաղաքական տերմին է»,- նշել է քննարկման մասնակից Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Նա դժգոհել է, որ սխալ լույսի ներքո են օրինագիծը ներկայացնում հանրությանը. «Ըստ էության այն ներկայացվում է կանանց իրավունքի լույսի ներքո, ինչո՞ւ: Եթե այսօր դուրս գանք փողոց, որեւէ մեկին հարցնեք, ասեք՝ տղամարդու կնոջը ծեծելու մասին օրինագիծ է, մի՞թե այդպես է, ընտանիքը միայն կի՞նն է, կամ միայն տղամա՞րդն է, կամ միայն երեխանե՞րն են: Հոդված 2-ում երեխայի շահերի առաջնահերթությունն է, ինչո՞վ է երեխայի շահը առաջնահերթ, քան հոր շահը, մոր շահը կամ տատիկի, պապիկի շահը: Ինձ համար օրենքի փիլիսոփայությունը սխալ է»:
Ըստ եպիսկոպոս Գալստանյանի, այսօր հեռուստատեսությամբ տոտալ բռնություն է քարոզվում ամենուրեք. «Այս օրինագիծը արդյո՞ք նպաստելու է բռնությունը վերացնելու՝ չեմ կարծում: Սա նման կլինի նրան, որ տան պատերը սվաղենք, բայց տուն սրանով չենք կառուցելու»: Նա հայտարարել է. «Ես գտնում եմ, որ նման օրենք մեզ անհրաժեշտ չէ»:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Լուսինե Սարգսյանը նշել է, որ մինչ օրս հանդիպել և լսել են օրինագծին կողմ և դեմ արտահայտվողների տեսակետները: Նա պատրաստակամություն է հայտնել դիտարկելու բոլոր տեսակետները և անհրաժեշտության դեպքում աջակցելու դրանց իրավական ձևակերպմանը:

«Օրենքը նպաստելու է ոչ թե ընտանիքների միավորմանը, այլ՝ քայքայմանը, ապաստարաններ տեղավորելուց հետո օրենքը չի ասում, թե հետագայում նրանց հարաբերությունները ինչպես են կառուցվելու, ինչ է լինելու 6 ամիս հետո»,- քննարկման ժամանակ տեսակետ է հայտնել ՓՊ աշխատակազմից իրավաբան Արտաշես Խալաթյանը:
Ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Վարդանյանը նշել է, որ օրենքի ընդունումը եթե չվերացնի էլ ընտանեկան բռնությունները, գոնե ինչ-որ չափով կնվազեցնի, կկանխի դեպքերը:
«Հանուն ինքնիշխանության վերականգնման» կազմակերպության նախագահ Հայկ Նահապետյանը նշել է, որ չկա երկիր, որտեղ այս օրենքի ընդունումից հետո դրական տեղաշարժ լինի. «120 երկրում ընդունել են օրենքը, պետք է վիճակագրություն տան՝ այդ երկրներում ինչպիսին է իրավիճակը, ընտանեկան բռնությունների թիվը, ամուսնալուծությունները, երեխաներին ընտանիքներից դեպի ապաստարաններ օտարելու դեպքերը»:
Հայկ Նահապետյանը Ստամբուլյան կոնվենցիայից մեջբերումներ է արել՝ ուշադրություն հրավիրելով բռնության կանխարգելման սահմանմանը. «Ընտանեկան բռնությունը ձևակերպվում է, որ դրանք ընտանիքում ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական բռնություններն են, որոնք կատարվում են ընտանեկան միավորների ներսում, ներկա, նախկին ամուսինների կամ զուգընկերների միջև: Որևէ մեկի համար գաղտնիք չի զուգընկերները ովքեր են՝ միասեռական զույգերն են: Ի՞նչ կապ ունի միասեռական զույգերի ամրագրումը ընտանեկան բռնությունների կանխարգելման հետ»:
«Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն էլ Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքն ընդունած երկրներից որոշ տվյալներ է ներկայացրել. «Գերմանիայում 2011-ին օտարված երեխաների քանակը կազմել է 38 հազար, 2016-ին հասել է քանակը 84 հազարի, Նորվեգիայում, որը ևս հայտնի է իր անխնա եւ դաժան գործող երեխաների իրավունքների պաշտպանության ծառայություններով՝ 10 հազարից ավելի երեխա»:
Նա ասել է, որ թվերը համեմատելու դեպքում, երևում է, որ իրականում այն երկրներում, որտեղ նմանատիպ օրենքներ են գործում, բռնությունների աճ է գրանցվում, ամուսնալուծությունների աճ և որևէ կանխարգելման մասին խոսք չկա:
«Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ Լիա Ավետիսյանն ասել է, որ 21 տարի է, ինչ Գերմանիան այս օրենքն ընդունել է ու 21 տարվա մեջ 620 հազար երեխա են օտարել: 
Լրագրող, բանախոս Արթուր Հովհաննիսյանը նույնպես դեմ է արտահայտվել օրինագծին: Նա նշել է, որ Եվրոպայում ուժով, երեխաներին խլելով ծնողից, տանում են ապաստարաններ: Արթուր Հովհաննիսյանի խոսքով օրենքի ընդունումից հետո ծեծի փաստ արձանագրելու դեպքում հաշվի չեն առնելու, թե ինչ պատճառով է ամուսինը կնոջը ծեծել. «Ոստիկանը հնարավորություն է ստանում պաշտոնական նախազգուշացման որոշումից հետո ձեր կյանքը դժոխքի վերածելու: Օրվա ընթացքում որքան ուզենա նա կարող է այցելել ձեր տուն, իրավունք չունեք թույլ չտալ, դրա համար պատասխանատվություն է նախատեսվում»:
Ըստ նրա, այս նախագիծը հնարավորություն է տալիս վատություն անել, հաշվեհարդար տեսնել:
Արա Զոհրաբյանը ելույթի հնարավորություն է ընձեռել ներկաներին, որոնց գերակշիռ մասը դեմ է արտահայտվել օրինագծի ներկա տեսքով ընդունմանը: Պալատի նախագահը հորդորել է ներկաներին լսել նաև օրինագծի վերաբերյալ դրական արտահայտվողների կարծիքները: 
«Կանանց աջակցման կենտրոն»-ի ներկայացուցիչ Նոնա Գալստյանը կողմ է արտահայտվել նման օրենք ունենալու անհրաժեշտությանը՝ նշելով, որ իրենց պրակտիկայում դեպքեր են հանդիպում, երբ բռնության ենթարկվածին, կամ բռնության վտանգը կանխելու նպատակող հաճախ չի գտնվում համապատասխան պատկան մարմինը: 
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշել է, որ պետք չէ կարծել, որ օրենքը ընտանիքներ քանդելու նպատակ ունի: Նա քրեական գործերից ներկայացրել է բռնության դեպքի օրինակ, որն ավարտվել է կացնահարությամբ. «Ամիսներ շարունակ ամուսինը դարանակալում էր, անընդհատ գալիս էր, հոգեբանական ճնշման էր ենթարկում, հարձակումներ էր գործում և ոստիկանությունը չէր կարողանում, ասում էր՝ նրա ազատ տեղաշարժվելու իրավունքն է, չեմ կարող ասել մի կանգնիր, արդյունքում եղավ կացնահարություն, որովհետեւ չունեինք այս օրենքը»:
Ամփոփելով քննարկումը՝ Արա Զոհրաբյանը մասնակիցներին առաջարկել է բոլոր տեսակետները առաջիկայում գրավոր ներկայացնել օրինագծի քննարկման առթիվ ստեղծված աշխատանքային խմբին:


01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ