ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԱՐԿՈՎ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
12.10.2017 11:43ՀՀ փաստաբանների պալատը հոկտեմբերի 10-ին ստացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրությունը, որով տեղեկացվում է, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի առաջարկի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմում է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, 70-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 72-րդ հոդվածի 2-րդ մասի (երրորդ նախադասության) սահմանադրականության հարցով:
Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը պարզել էր, որ գործող օրենսդրության պայմաններում հակադրվում են մի կողմից մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու հիմնարար իրավունքը (ՀՀ Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 67-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք), մյուս կողմից՝ դատարանի՝ արդյունավետ իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու (որպես արդար դատական քննության ընդհանուր իրավունքի բաղկացուցիչ մաս) պարտականությունը, որի շրջանակներում դատարանը երբեմն կարող է կիրառել պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտը։ Իր հերթին, այս երկուսը հակադրվում են պաշտպանությունը ստանձնելիս մեղադրյալի համաձայնությունը հստակորեն ստանալու դատավարական երաշխիքին։
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը բավարար հստակությամբ չի սահմանում պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտը և դրա փոխհարաբերությունը մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով կամ անձամբ պաշտպանվելու ինստիտուտների հետ, որոնք կարգավորվում են ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ կետով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետով։ Մասնավորապես, Օրենսգիրքը որոշակիորեն և հստակորեն չի կարգավորում, թե որ դեպքում է պարտադիր իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու պետության՝ ի դեմս դատարանի, պարտականությունը գերակայում մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով անձամբ պաշտպանվելու հիմնարար իրավունքին։ Հստակության բացակայությունն իրավակիրառ պրակտիկայում հանգեցրել է խառնաշփոթի, որը լայնորեն լուսաբանվում է լրատվամիջոցների կողմից և քննարկվում հանրային լայն շրջանակներում, որի արդյունքում հաճախ ներկայացվում է թյուր կարծիք, թե մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը բացարձակ իրավունք է։
Մինչդեռ դատավարական օրենսգիրքը չի սահմանում, թե որ գերակա շահի կամ իրավունքի առկայության դեպքում է հնարավոր մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը ստորադասել պարտադիր իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու դատարանի պարտականությանը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը սահմանում է, որ դա արդարադատության գերակա շահն է, ըստ որի թեև, որպես ընդհանուր կանոն, մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը պետք է հարգել, սակայն ընտրություն կատարելու այդ իրավունքը դատարանի կողմից կարող է անտեսվել կամ ստորադասվել, եթե դրա համար առկա են վերաբերելի և բավարար հիմքեր՝ պայմանավորված արդարադատության գերակա շահով:
Քանի դեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու հիմնարար իրավունքից շեղվելու, նահանջելու նյութաիրավական և վարույթային հիմքերը, կշարունակվի պահպանվել իրավական անորոշություն քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառության հարցում, երկու մրցակցող ինստիտուտների՝ պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտի և իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու հիմնական իրավունքի միջև։
Վերը նշվածը թույլ է տալիս եզրահանգել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 72-րդ հոդվածի 2-րդ մասը (երրորդ նախադասության) հակասում են ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ կետի սահմանադրաիրավական բովանդակությանը՝ այնքանով, որքանով հստակորեն չեն սահմանում նյութաիրավական և վարույթային հիմքեր, թե որ պայմանների առկայության պարագայում է հնարավոր մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը անտեսել և կիրառել պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտը:
Բեռնել
Վերադառնալ