ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ (արտոնագիր` 2094) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ

03.02.2017 03:58

 

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով), ընդլայնված կազմով, մասնակցությամբ Հանձնաժողովի համակարգող Կարեն Մեժլումյանի, Հանձնաժողովի անդամներ Արմինե Ֆանյանի, Լիանա Բալյանի, Գեղամ Հակոբյանի, Արսեն Մկրտչյանի, ներկայությամբ դիմող փաստաբան Արմեն Հակոբյանի, ուսումնասիրելով Արմեն Հակոբյանի կողմից ներկայացված դիմումը, լսելով բացատրությունը, պարզեց հետևյալը.

Փաստաբան Արմեն Հակոբյանը հայտնել է, որ «11.11.2016 թ. ժամը 23-ի սահմաններում Ոստիկանության աշխատակիցների կողմից ՀՀ Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Վարդան Նիկողոսյանը: Վերջինիս խնդրանքով, նրա շահերի պաշտպանությունն իրականացնելու նպատակով, գտնվելով ոստիկանության Կենտրոնի բաժնի մուտքի մոտ, ցանկանում էի մուտք գործել և տեսակցել Վարդան Նիկողոսյանի հետ, սակայն ոստիկանության աշխատակիցները արգելեցին ինձ մուտք գործել ոստիկանության շենք, խոչնդոտելով իմ փաստաբանական գործունեությանը: Ոստիկանության աշխատակիցների անօրինական և նվաստացնող գործողությունների մասին ես ահազանգեցի 1-02 ծառայություն: Վարդան Նիկողոսյանին ազատ արձակեցին միայն 12.11.2016 թ. ժամը 4.00-ի սահմաններում: Վերոգրյալի կապակցությամբ դիմում եմ ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ոստիկանության աշխատակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելու հայտարարությամբ: 02.12.2016 թ. իմ դիմումի քննարկումը ուղարկվել է ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն, այնուհետև՝  07.12.2016 թ. ուղարկվել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ ծառայողական քննություն անցկացնելու համար:  27.01.2017 թ. ՀՀ Ոստիկանության երևան քաղաքի վարչությունից ստացել եմ 29.12.2016 թ. թվագրված եզրակացություն, որի համաձայն իմ դիմումի կապակցությամբ անցկացվել է ծառայողական քննություն և  նյութերը թողնվել են անհետևանք՝ ոստիկանության ծառայողներին կարգապահական տույժի ենթարկելու հիմքեր չլինելու պատճառաբանությամբ: Նշում եմ, որ տվյալ ծառայողական քննությանը լսել են միայն ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցներինինձ մասնակից չեն դարձրել,   բացատրություն չեն վերցվել, անգամ չեն ստուգել իմ կողմից 1-02 ծառայություն կատարած  ահազանգի հանգամանքը, ինչը վկայում է, որ ծառայողական քննությանն անցկացվել է միակողմանի, թերի և  սուբյեկտիվ»:

Փաստաբան Արմեն Հակոբյանը հայտնեց նաև, որ փաստաբան Վարդան Նիկողոսյանին քրեական գործով ներգրավել են որպես պատասխանող:

Փաստաբան Վարդան Նիկողոսյանը հայտնեց, որ. «11.11.2016 թ. ժամը 23-ի սահմաններում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 27/2 հասցեում գործող «Կաֆե Շամպայն» սրճարանում, մերձավորներիս երեխայի ծննդյան  տոնակատարության ժամանակ, սրճարան ներխուժեցին ոստիկանության աշխատակիցներ, պատճառաբանելով իբր ահազանգ են ստացել, պահանջեցին դադարեցնել ընտանեկան միջոցառումը:  Այդ ժամանակ ես  ներկայացա, որ հանդիսանում եմ ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան և խնդրեցի ներկայացնել իրենց պահանջի և գործողությունների իրավական հիմքերը,  սակայն նրանք որևէ  փաստաթուղթ չներկայացրեցին և իմ ձեռքերին ձեռնաշխթաներ ամրացնելով դուրս հանեցին սրճարանից, նստեցրեցին ոստիկանության տարբերանիշներով ավտոմեքենա և տարան ՀՀ Ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ ինձ պահեցին 4 ժամից ավել, չթույլատրելով անգամ ջուր խմել:  Իմ խնդրանքներին բացատրել,  թե ինչ հիմքերով են  ինձ զրկել ազատությունից, նրանք պատասխանում էին, իբր ես խուլիգանություն եմ կատարել, սակայն չներկայացրեցին որևէ փաստաթուղթ:  Ես բացատրեցի, որ ապօրինի ազատությունից  զրկելով   նրանք խախտում են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իմ իրավունքները, որին նրանք պատասխանեցին /կներեք մեջբերման համար/՝ «թքած ունեք քո օրենքների վրա, ստեղ գործում են մեր օրենքները, կուզենք գլխիտ կսարքենք, կամ էլ տեղում կթաղենք, ոչ ոք չի իմանա»: Հավանաբար նրանց սպառնալիքներն ի կատար չածվեցին, քանի որ այդ ժամանակ ոստիկանության շենքի մուտի մոտ կանգնած էր  ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Արմեն Հակոբյանը, ով  ցանկանում էր ներս մտնել և իրականացնել իմ շահերի պաշտպանությունը, սակայն ոստիկանության աշխատակիցները նրան թույլ չէին տալիս, խոչնդոտելով փաստաբանի գործունեությանը: Այդ ժամանակահատվածում, ոստիկանության շենքում տվյալ աշխատակիցները, որոնք ի դեպ այդպես էլ չներկայացան, մի քանի անձանց բերեցին աշխատասենյակ, իմ ներկայությամբ  ինչ որ թղթեր ստորագրել տվեցին, որից հետո, մոտավորապես ժամը 4-ի սահմաններում ինձ ազատեցին ձեռնաշխթաներից և թույլ տվեցին դուրս գալ ոստիկանության շենքից»:

Տվյալ դեպքում անհրաժեշտ է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք քրեական հետապնդման ենթարկվող Վարդան Նիկողոսյանը, իր նկատմամբ փաստացի քրեական հետապնդում իրականացված լինելու պայմաններում, ունեցել է փաստաբանի կողմից իրավաբանական օգնություն ստանալու, պաշտպան ունենալու, իսկ փաստաբանն էլ ունեցել է արդյոք իր վստահորդին իրավաբանական օգնություն տրամադրենլու իրավունք, թե ոչ:

Եթե քրեական հետապնդման ենթարկվող անձն ունեցել է իրավաբանական օգնություն ստանալու իրավունք, իսկ փաստաբանն էլ ունեցել է իրավաբանական օգնություն տրամադրելու իրավունք, արդյո՞ք ոստիկանության աշխատակիցների կողմից չեն խախտվել փաստաբանի իրավունքները` նրան թույլ չտալով հանդիպել և տեսակցել բերման ենթարկված իր վստահորդին:

1. ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի` անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի համաձայն` քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձի համար երաշխավորվում է իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք: (…)»:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կասկածյալն ունի պաշտպանության իրավունք: (…)»:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Կասկածյալի վրա չի կարող որևէ պատասխանատվություն դրվել իր տված ցուցմունքների և բացատրությունների համար, (…)»:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով անձի պաշտպանության իրավունքին, արձանագրել է, հետևյալը.

«(...) ՀՀ ներպետական օրենսդրության իմաստով կասկածյալն ունի պաշտպանության իրավունք: Կասկածյալի պաշտպանության իրավունքը նրան վերապահված դատավարական իրավունքների ամբողջությունն է, որը նրան հնարավորություն է տալիս հանդես գալ որպես դատավարության ինքնուրույն սուբյեկտ, լրիվ կամ մասնակիորեն հերքել իրեն վերագրվող հանցանքը կատարած լինելու պնդումը, ինչպես նաև պաշտպանել իր իրավունքներն ու օրինական շահերը: Պաշտպանության իրավունքը, որպես կասկածյալին վերապահված իրավունքների համակցություն, կասկածյալին հնարավորություն է տալիս իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնել ինչպես անձամբ, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նշանակված պաշտպանի միջոցով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով կասկածյալի պաշտպանության իրավունքի իրականացման փաստացի հնարավորության ապահովման պարտականությունը կրում է վարույթն իրականացնող մարմինը:

Պաշտպանության իրավունքը քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկն է: Բացի այդ, այն հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված «զենքերի հավասարության» և ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված մրցակցության սկզբունքների ապահովման կարևորագույն երաշխիք:

26. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն` օրենքով չարգելված բոլոր միջոցներով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կասկածյալ է այն անձը՝

1) որը ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ կասկածվելու պատճառով,

2) որի նկատմամբ մինչև մեղադրանք առաջադրելը խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացված»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ձերբակալումն անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով նրան արգելանքի վերցնելն է, հետաքննության կամ վարույթ իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը և այդ մասին նրան հայտարարելը` օրենքով որոշված վայրերում ու պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար»:

19. Շարադրված հոդվածների վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը կասկածյալի կարգավիճակ ձեռք բերելը կապում է օրենքով նախատեսված գործողությունների կատարման կամ որոշման կայացման պահի հետ: Մասնավորապես, ձերբակալվածի, հետևաբար նաև կասկածյալի կարգավիճակ ձեռք բերելու համար անձը պետք է (1) փաստացի զրկվի ազատությունից, (2) բերվի իրավասու մարմնի մոտ, (3) պետք է կազմվի ձերբակալման արձանագրություն և (4) այդ մասին պետք է նրան հայտարարվի: Այսպիսով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անձը կարող է ձերբակալվածի, հետևաբար նաև կասկածյալի կարգավիճակ ստանալ վերջին` չորրորդ գործողությունը կատարելու պահից, այսինքն` քրեական հետապնդման մարմնում ձերբակալման արձանագրության մասին անձին հայտարարելու պահից: Կամ կասկածյալի կարգավիճակ ձեռք բերելու համար անձի նկատմամբ պետք է խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացվի:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անձը կասկածյալի կարգավիճակ է ձեռք բերում ձևական (փաստաթղթային) ընթացակարգի ավարտման պահից, այսինքն՝ կասկածյալի կարգավիճակի ձեռքբերումը կապվում է ձևական առումով «քրեական մեղադրանքի» առկայության հետ:

20. Քննարկվող հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը իրավական դիրքորոշում է հայտնել Գագիկ Միքայելյանի վերաբերյալ գործով որոշմամբ. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա` «քրեական մեղադրանք» հասկացությունը պետք է հասկացվի ոչ թե ձևական (փաստաթղթային), այլ բովանդակային (գործնական) իմաստով (Դեվեերն ընդդեմ Բելգիայի (Deweer v. Belgiսm) գործով վճիռ, 1980թ. փետրվարի 27, գանգատ թիվ 6903/75, կետ 44): Այսինքն` անձի նկատմամբ «մեղադրանքի» առկայության մասին կարող է վկայել նաև այնպիսի միջոցներ ձեռնարկելը, որոնք ենթադրում են հանցագործության մեջ կասկածանքի առկայություն, ինչպես նաև էականորեն ներգործում են կասկածվող անձի դրության վրա (Էկլեն ընդդեմ Գերմանիայի (Eckle v. Germany) գործով վճիռ, 1982թ. հուլիսի 15, գանգատ թիվ 8130/78, կետ 73, Շուբինսկին ընդդեմ Սլովենիայի (Šubinski v. Slovenia) գործով վճիռ, 2007թ. հունվարի 18, գանգատ թիվ 19611/04, կետ 62, Գ.Կ.-ն ընդդեմ Լեհաստանի (G.K. v. Poland) գործով վճիռ, 2004թ. հունվարի 20, գանգատ թիվ 38816/97, կետ 98)» (տե´ս Գագիկ Միքայելյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱԴԴ/0085/06/09 որոշման 21-րդ կետը)»:[1]

Սույն գործի փաստերից հետևում է, որ Վարդան Նիկողոսյանը բերման է ենթարկվել հանցագործության կատարման կասկածանքով, փաստացի համարվել է կասկածյալ, ուստի օժտված է եղել կասկածյալի կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով, այդ թվում՝ պաշտպանության իրավունքով: Ավելին, եթե անգամ փաստացի կասկածյալի կարգավիճակ չունենար, ամեն դեպքում որպես բերման ենթարկված և անազատության մեջ պահվող անձ, ամեն դեպքում ունեցել է փաստաբանի միջոցով իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն. «1. Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:

2. Փաստաբանը կարող է իրականացնել հետևյալ գործունեությունը՝

1) խորհրդատվություն, ներառյալ՝ վստահորդներին խորհրդատվություն տրամադրելը նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմումը (այսուհետ` խորհրդատվություն).

2) ներկայացուցչություն, ներառյալ՝ ներկայացուցչությունը դատարանում (այսուհետ` դատական ներկայացուցչություն).

3) քրեական գործերով պաշտպանություն.

4) օրենքով նախատեսված դեպքում և կարգով վկային իրավաբանական օգնություն ցույց տալը»:

Նույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված են փաստաբանի գործունեության երաշխիքները, որի համաձայն. «1. Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենքներով, փաստաբանական պալատի կանոնադրությամբ և փաստաբանական վարքագծի կանոնագրքով:

2. Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

3. Փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ պետական մարմիններում և հիմնարկներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում` դատական մարմիններում: Պետական և դատական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովելու փաստաբանի` վստահորդի հետ առանձին, անարգել և մեկուսի հաղորդակցվելու իրավունքը»:

Վերոգրյալ իրավական նորմերի և փաստականն հանգամանքների վերլուծությունից հետևում է, որ բերման ենթարկված և փաստացի կասկածյալի կարգավիճակում գտնվող Վարդան Նիկողոսյանն ունեցել է իրավաբանական օգնություն ստանալու, ավելին պաշտպան ունենալու իրավունք, իսկ նրա կանչով ներկայացած փաստաբան Արմեն Հակոբյանն էլ ունեցել է նրան իրավաբանական օգնություն ցույց տալու, ավելին, պաշտպանելու իրավունք:

Ոստիկանությունն, իր հերթին, ունեցել է պարտականություն` փաստաբան Արմեն Հակոբյանին ապահովվելու իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությունը և պարտավոր են եղել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովելու համար փաստաբանի` վստահորդի հետ առանձին, անարգել և մեկուսի հաղորդակցվելու իրավունքը:

Ոստիկանության աշխատակիցները, սակայն, ոչ միայն չեն կատարել իրենց պարտականությունը, այլև հակառակ դրան խոչընդոտել են փաստաբանին, տեսակցելու և իրավաբանական օգնություն տրամադրելու ոստիկանություն բերման ենթարկված իր վստահորդի հետ:

Ավելին, այն նույն ժամանակահատվածում, երբ ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են փաստաբան Արմեն Հակոբյանին հանդիպել ու իրավաբանական օգնություն տրամադրել իր վստահորդ Վարդան Նիկողոսյանին, ոստիկանության աշխատակիցները տեսանկարահանել են բերման ենթարկված Վարդան Նիկողոսյանին և լրատվամիջոցներով տարածել տեսագրությունը, որի ուսումնասիրությամբ պարզվեց, բերման ենթարկված Վարդան Նիկողոսյանը պահանջում է փաստաբան:

Հանձնաժողովը գտնում է, որ ոստիկանության վերը նշված գործողություններով խախտվել են փաստաբան Արմեն Հակոբյանի, ինչպես նաև նրա վստահորդ, փաստաբան Վարդան Նիկողոսյանի իրավունքները:

Ղեկավարվելով «Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի գործունեության» Կարգի 2.13 և 2.14 կետերով, Հանձնաժողովը որոշեց հանդես գալ հետևյալ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ.

-           ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խստիվ դատապարտում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնի ոստիկանների վարքագիծը, որոնք 11.11.2016 թ. ժամը 23-ից 12.11.2016թ. ժամը 04:00-ի սահմաններում արգելել են Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված Վարդան Նիկողոսյանի հետ փաստաբան Արմեն Հակոբյանի տեսակցությունն ու իրավաբանական օգնության տրամադրումը:

-           ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը գտնում է, որ ոստիկանների նման գործողություններով խախտվել են ինչպես փաստաբան Արմեն Հակոբյանի իրավունքները, այնպես էլ բերման ենթարկված Վարդան Նիկողոսյանի իրավունքները:

 

 

ՀՀ փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով

 

 



[1] ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ՀՅՔՐԴ2/0153/01/08 քրեական գործով 2010 թվականի մարտի 26-ի որոշումը:



Բեռնել

Վերադառնալ