ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆ ՌՈՒԲԵՆ ՌՇՏՈՒՆՈՒ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

25.08.2017 15:34

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆ ՌՈՒԲԵՆ ՌՇՏՈՒՆՈՒ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

Կյանքից հեռացել է ականավոր փաստաբան, հասարակական գործիչ, դասախոս Ռուբեն Ռշտունին: Փաստաբանների պալատը ցավակցում է նշանավոր փաստաբանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին՝ հայտնելով իր զորակցությունը:  Հարգարժան փաստաբանի հարուստ աշխատանքային կենսագրության ուսումնասիրությունը մասնագիտական ուսանելի փորձ է նոր փաստաբանների համար:

Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին  Երևանի կենտրոնական գերեզմանատան (Թոխմախ) գլխավոր մուտքի հարևանությամբ գտնվող սգո սրահում, ժամը 18:00-ից:

Ռուբեն Ռշտունու համառոտ կենսագրությունը

Ռուբեն Ռշտունին ծնվել է 1943թ-ին Թաթարական ԻԽՍՀ Չիստոպոլ քաղաքում, զինվորականի ընտանիքում: 1966թվականին ավարտել է Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների  պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական բանասիրական ֆակուլտետը: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ռուսական բաժինը: Մանկավարժական աշխատանքին զուգահեռ 1971թվականի հունվարից որպես թարգմանիչ աշխատել է ԽՍՀՄ-ից հրավիրված առաջատար փաստաբանների հետ:

1980թ. հունվարի 19-ին ՀՀ փաստաբանների կոլեգիա ընդունվելուց հետո  որպես ներկայացուցիչ և պաշտպան վարել  է  քաղաքացիական և քրեական գործեր: Փաստաբանական գործունեությամբ սկսել է զբաղվել 1981թվականից:

Միջազգային կոնֆլիկտների սկսվելուն պես (1988թ. փետրվար), կանխատեսելով Ադրբեջանից փախստականների հոսքը, ստեղծել և գլխավորել է   նրանց անվճար իրավական օգնություն ցույց տվող փաստաբանների խումբ։ 1988թ   Մոսկվայում ներկայացրել է  Ադրբեջանական ԽՍՀ Սումգաիթ քաղաքում հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած  տուժողների շահերը:

1990թ. Ադրբեջանական ԽՍՀ Կիրովաբադի մարզի Թավուզ քաղաքում պաշտպանել է  ձերբակալված հայերին: 1990 թվականին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում 2 քրեական գործով պաշտպանել է զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող մի քանի երիտասարդի:

1995-1996թթ.–ին Հայաստանում «Դաշնակցություն» կուսակցության գործունեությունը արգելելուց հետո մասնակցել  է այդ կուսակցության 15 անդամի նկատմամբ հարուցված քր. գործի նախաքննությանը և մեկ տարուց ավելի շարունակվող դատական նիստին։

Միաժամանակ պաշտպանել  է նույն կուսակցության 6 անդամից մեկին, նրանց նկատմամբ շինծու քր. գործով Երևանի նախկին քաղաքապետ Լ Գալստյանի սպանության մեղադրանքով՝  կանխելով նրանց դատապարտումը։

1998թ.–ից ստեղծել է  «Ազատազրկվածների և դատապարտյալների իրավունքների պաշտպանության միություն» հասարակական կազմակերպությունը

2001–2003թթ.–ին եղել է ՀՀ Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ։

2002–2004թթ–ին եղել  է  Մոսկվայի Կառավարությանն առընթեր հայրենակիցներին իրավական օգնություն ցույց տալու համար ստեղծված «Մոսկվա-Ռասսիյանե» համակարգող խորհրդի անդամ Հայաստանից:

2008 թվականից ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ է : 

Զբաղվել է գիտական և մանկավարժական աշխատանքով:

Ուներ 3 երեխա:

 

 

 



Բեռնել

Վերադառնալ