ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԵՐՔՈՒՄԸ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՄԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
01.08.2017 16:41Մի քանի էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից հրապարակվել է Անի Կաղինյանի բացատրությունը ուղղված ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին՝ կապված փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի հետ:
Այդ հրապարակային նյութի մեջ Անի Կաղինյանը փաստաբանների պալատի վերաբերյալ ներկայացրել է սուտ տեղեկություններ, մասնավորապես նշել է, որ Տ. Եգորյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու, թե առհասարակ հիմնադրամի իրավաբանական խնդիրների հարցում լուրջ աջակցություն է ցուցաբերում ՀՀ փաստաբանների պալատը, ինչպես նաև փաստաբանների պալատի կողմից իբրև հիմնադրամին աջակցող փաստաբանների համակարգող նշանակվել էր փաստաբան Հարություն Հարությունյանը:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտարարում է, որ՝ 1) նշված կարգապահական վարույթի շրջանակում որևէ աջակցություն կողմերից և որևէ մեկին չի ցուցաբերել և չի ցուցաբերում, 2) փաստաբան Հարություն Հարությունյանին կամ որևէ այլ փաստաբանի, փաստաբանների պալատը հիմնադրամին աջակցող փաստաբանների համակարգող երբեք չի նշանակել և չէր էլ կարող նշանակել:
Տեղեկացնում ենք նաև, որ նշված կարգապահական վարույթով դիմող կողմ է հանդիսանում ոչ թե հիմնադրամը, այլ՝ հիմնադրամի երկու խորհրդի անդամ:
Եթե հիմնադրամը կամ հիմնադրամի խորհրդի անդամները օգտվել են որևէ փաստաբանի իրավաբանական օգնությունից, ապա դա իրենց սահմանադրական իրավունքն է, սակայն նույնիսկ այդ հարցում փաստաբանների պալատը որևէ առնչություն չի ունեցել:
Միաժամանակ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կոչ է անում լրատվամիջոցներին, հատկապես news.am և 1-in.am կայքերին, զերծ մնալ փաստաբանների պալատի դեմ չճշտված, միակողմանի և սոցիալական կայքերում տարբեր օգտատերերի կողմից տեղադրված նյութերը արտատպելու գայթակղությունից:
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
մամուլի խոսնակ՝ Ծովինար Խաչատրյան
Բեռնել
Վերադառնալ