ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿ Է ԲԱՑՎԵԼ ՆՈՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
07.06.2017 15:30Հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում բացվել է 20 երիտասարդ փաստաբանի համար նախատեսված աշխատասենյակ:
Աշխատասենյակը կահավորվել է համակարգիչներով և այլ անհրաժեշտ տեխնիկայով և պետք է հանձնվի ՀՀ փաստաբանական դպրոցը նոր ավարտած փաստաբաններին՝ երիտասարդ փաստաբաններին օժանդակելու ծրագրի շրջանակներում: Աշխատասենյակն օգտագործելու իրավունք ունեցող փաստաբանների (շահառուների) ընտրությունը կազմակերպելու է ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհուրդը:
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, «Սիմոնյան» հիմնադրամի նախագահ, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանը, Թումո կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, փաստաբանների պալատի խորհրդի անդամներ Կարեն Մեժլումյանը, Սիմոն Բաբայանը, Մելանյա Առուստամյանը, Սեդրակ Ասատրյանը, Նելլի Հարությունյանը, Հարություն Հարությունյանը, Հրանտ Անանյանը, Տիգրան Խուրշուդյանը, Արայիկ Ղազարյանը և Տարոն Սիմոնյանը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշել է, որ նոր աշխատասենյակում աշխատելու համար ընտրվելու են այս տարի փաստաբանական դպրոցն ավարտած և հաջողությամբ որակավորման քննությունները հանձնած առնվազն 20 փաստաբան: Նա նկատել է, որ դժվար է նոր փաստաբանների համար և աշխատանքի սկզբում միշտ որոշակի դժվարությունների առջև են կանգնում վստահորդներ և հաճախորդներ ձեռք բերելու առումով, ինչու չէ նաև սեփական հեղինակությունը և վարկանիշը ձևավորելու տեսանկյունից:
Աշխատասենյակն օգտագործելու իրավունք ստացած փաստաբաններն այդ սենյակում իրենց անձնական գործերն են վարելու: Դրան զուգահեռ որոշակի քանակի գործեր պետք է վարեն անվճար: Անվճար իրավաբանական օգնության հետ կապված հարցերով փաստաբանները համագործակցելու են հանրային պաշտպանի գրասենյակի հետ:
Խոսելով Հանրային պաշտպանի գրասենյակից՝ Պալատի նախագահը նշել է, որ հասարակության հոգեբանության մեջ ամրագրված է, որ ինչը պետական պատվերի շրջանակում է, ապա դա որակյալ չէ: Հանրային պաշտպանի գրասենյակը ապացուցել է, որ կարող է որակյալ փաստաբանական ծառայություններ մատուցել և տարեց տարի գրասենյակի գործերի քանակն ու ծանրաբեռնվածությունն ավելանալու հիմքում ընկած է նաև այդ գործոնը:
Արա Զոհրաբյանը Հանրային պաշտպանի գրասենյակի վերաբերյալ որոշակի համեմատական վիճակագրություն է ներկայացրել, ըստ որի՝ 2013 թվականին ՀՊԳ-ն մոտ 3200 քրեական գործ է վարել, իսկ 2016 թվականին այդ գործերը կազմել են 5.200: 2016 թվականին եղել է 48 արդարացում, 370-ից ավել քրեական գործերի վարույթների կարճում, իսկ 350 գործերով դատարանը պայմանականորեն պատիժները չի կիրառել: Նա նշել է, որ նոր աշխատասենյակի բացումով և Pro Bono ծառայություններ մատուցելով նաև խնդիր է դրված հանրային պաշտպանի գրասենյակի բեռը թեթևացնել:
Աշխատասենյակը վերանորոգելու և համակարգիչներ ձեռք բերելու հարցում օժանդակել է բարերար Ռայմոնդ Եզեգելյանը: Պալատի նախագահը շնորհակալություն է հայտնել բարերար Եզեգելյանին՝ նշելով, որ Պալատի հետ պարոն Եզեգելյանի համագործակցությունը շարունակական է լինելու:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին ու աջակիցներին նման աշխատանք կատարելու համար և ընդգծել, որ փաստաբանները սոցիալական պատասխանատվություն են կրում իրենց մասնագիտական կարողությունները հօգուտ հանրությանը ծառայեցնելու առումով: Նախարարի խոսքով, Pro Bono (անվճար) օգնությունը, որը ծագել է 19-րդ դարում, այնուհետ զարգացումը ստացել եվրոպական երկրներում, այժմ արդեն կտարածվի նաև Հայաստանում: «Սա խոսում է այն մասին, որ խնդիրները, որոնք առկա են, դրանք գիտակցվում են ու դրանց լուծման ուղղությամբ անընդհատ նոր քայլեր են կատարվում: Ցանկացած զարգացող պետությունում, իսկ ես դիտում եմ, որ Հայաստանում արդարադատության ոլորտը զարգացող է, նման խնդիրներ անընդհատ ծագելու են, և շատ ուրախ եմ, որ Փաստաբանների պալատն այդ առումով արդեն առաջ է գնում և լուծումներ գտնում: Սա ընդամենը ճանապարհի սկիզբն է»,-ասել է Դավիթ Հարությունյանը և հավելել, որ առավել հաջողակ են համարվում այն երկրները, որտեղ փաստաբանական ընկերությունները նման ծառայություններ են մատուցում: Նախարարն ի պաշտոնե վստահեցրել է, որ գործադրելու է բոլոր ջանքերը, այս նախաձեռնությունը հաջողությամբ պսակելու և զարգացնելու ուղղությամբ:
Պալատի նախագահը նաև ՀՀ արդարադատության նախարարի և հյուրերի հետ շրջայց է իրականացրել Պալատի, Փաստաբանական դպրոցի և Հանրային պաշտպանի գրասենյակի տարածքում:
Բեռնել
Վերադառնալ