ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՄԻԱՑԵԼ Է «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՀՈՒՇԱԳՐԻՆ
15.05.2017 16:59 ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Էմիլ Ամիրխանյանը մայիսի 11-ից եռօրյա այցով Հոնկ Կոնգի իրավաբանական համայնքի ( փաստաբանների միություն) հրավերով մասնակցել է համայնքի 110 ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին, այդ թվում՝ մասնագիտական համայնքին վերաբերող միջազգային կոնֆերանսին:
Միջոցառումների շրջանակում ՀՀ փաստաբանների պալատը միացել է մասնակից երկրների միջև ստորագրվող ՝«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համագործակության հուշագրին:
Այն նպատակաուղղված է 24 իրավական համակարգերի իրավաբանների, փաստաբանների միությունների շրջանում համագործակցության խթանմանը, տեղեկատվության և գիտելիքների փոխանակման հարթակի ստեղծմանը:
Հուշագրով նախատեսվում է առաջիկա տարվա ընթացքում նախանշել մասնակից երկրների իրավական համակարգերի միջև փոխգործակցության առաջնահերթությունները:
Փաստաթղթով ամրագրված են համագործակցության հետևյալ 4 ուղղությունները ․
- Փաստաբանների միությունների ներգրավումը՝ համագործակցությունը և փոխգործակցությունը խթանելու նպատակով,
- Առանձնահատուկ ուշադրություն դարձնել օրենքներին, որոնք առնչվում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հարցերին և դրանց կատարելագործման հարթակի ստեղծումը,
- համագործակցության ցանցի և բիզնես ուղղորդումների համայնքի հիմնումը,
- Ամենամյա/ երկամյա կոնֆերանսների անցկացումը՝ ուղղված ոլորտում առկա խնդիրները քննարկելուն, նոր գաղափարներ ներկայացնելուն, մարտահրավերներին և հնարավորություններին արձագանքելուն:
Միջազգային իրավական հարաբերությունների ժամանակակից պահաջներին և առաջնահերթություններին նվիրված կոնֆերանսում քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ առեւտրի հնարավորություններին ու մարտահրավերներին, արդյունավետ հարկային համակարգին, տեղական եւ միջսահմանային հարկային ռեժիմներին, կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքների ֆինանասավորմանը և զարգացմանը փաստաբանների ներգրավվածությանն առնչվող մի շարք թեմաներ:
Քննարկումներ են ծավալվել միջազգային առևտրի էլեկտրոնային գործիքների, նորարարությունների և ստեղծագործական ոլորտում բարենպաստ միջավայրի զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: Տարբեր երկրների պատվիրակները ներկայացրել են միջսահմանային առևտրի շրջանակներում վեճերի լուծման սեփական եղանակներն ու ներպետական գործող կառուցակարգերը:
Բեռնել
Վերադառնալ