ՀՀ Փաստաբանների Պալատ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՄՐՑՈՒՅԹ

12.05.2017 10:00

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ փաստաբանների պալատը եւ «Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ հայտարարում են մրցույթ 7-ից 17 տարեկան երեխաների համար։ Մրցույթը անցկավելու է երեք անվանակարգերում՝ լուսանկարներ, էսսեներ և ֆիլմերի սցենարներ:

Լուսանկարներ

Լուսանկարչական մրցույթի խորագիրն է «Հայաստանի երեխաները»։ Յուրաքանչյուր մասնակից կարող է մրցույթին ներկայացնել 1-ից 5 լուսանկար, որոնք կպատկերեն տարբեր տարիքի երեխաների կյանքը թե լավ, թե վատ կողմերով։ Լուսանկարների չափը պետք է լինի առնվազն 1 MB։ Լուսանկարների հետ պետք է նաեւ ուղարկել կարճ նկարագրություն, նշելով, թե ով է պատկերված, որտեղ եւ երբ է արվել լուսանկարը։

Էսսեներ

Էսսեների մրցույթի թեման է «Իմ իրավունքները եւ ինչպես են դրանք պաշտպանվում»։ Նախապատվությունը կտրվի այն էսսեներին, որոնք կներկայացնեն  որեւէ մեկ իրավունք կոնկրետ, իրական օրինակով։ Նյութերի ծավալը պետք է լինի առավելագույնը 500 բառ (մոտ մեկ համակարգչային էջ)։

Ֆիլմի սցենարներ

Սցենարների մրցութի թեման է «Երեխաների իրավունքները»։ Սցենարը պետք է նախատեսված լինի մեկ րոպեանոց ֆիլմի նկարահանման համար։ Այն կարող է վերաբերվել թե որեւէ կոնկրետ իրավունքի, թե կարող է արտահայտել երեխայի իրավունքների եւ դրանց պաշտպանության կարեւորությունը ընդհանրական ձեւով։ Սցենարը պետք է նկարագրի, թե ինչ ենք մենք տեսնելու եւ լսելու ֆիլմում։ Սցենարի առավելագույն ծավալը  պետք է լինի մեկ համակարգչային էջ։

***

Կարելի է մրցույթին մասնակցել ինչպես մեկ, այնպես էլ բոլոր  անվանակարգերում։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն հունիսի 1-ին, եւ տարբեր անվանակարգում ժյուրիի կողմից լավագույն ճանաչվածները կպարգեւատրվեն մրցանակներով, լավագույն էսսեներն ու լուսանկարները կհրապարակվեն, իսկ հաղթող ֆիլմի սցենարի հիման վրա կնկարահանվի ֆիլմ հեղինակի մասնակցությամբ։

Ինչպես ուղարկել

Մրցույթի նյութերը կարող եք ուղարկել [email protected] կամ [email protected] էլ. հասցեներին մինչեւ մայիսի 28-ը՝ թեմայի տողում նշելով՝ «Մրցույթ»։ Նամակում պետք է անպայման նշել հեղինակի անուն, ազգանուն, հայրանուն, տարիք, մարզ, բնակավայր, դպրոց, դասարան եւ հեռախոսահամար։

***

Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 094536002 ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին:



Բեռնել

Վերադառնալ