ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՐԻԶԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԴԱՐՁԱԾ ՀԱՅ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

10.05.2017 21:27

ՓԱՐԻԶԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԴԱՐՁԱԾ ՀԱՅ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

  2017 թվականի մայիսի 3-ին Փարիզի փաստաբանական դպրոցում տեղի է ունեցել հայ նշանավոր գրող, քաղաքագետ, փաստաբան Գրիգոր Զոհրապի և Հայոց Ցեղասպանության զոհ դարձած այլ հայ փաստաբանների հիշատակին նվիրված հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը: 
  ՀՀ փաստաբանների պալատը միջոցառմանը ներկայացնում էին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Մարտուն Փանոսյանը և ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը: 
  Փարիզի փաստաբանների միության նախագահ Ֆրեդերիկ Սիկարը իր ելույթում ընդգծել է հուշատախտակի տեղադրման կարևորությունը՝ նշելով, որ այդպիսով հարգանքի տուրք է մատուցվում բոլոր այն Հայ փաստաբաններին, ովքեր զոհվել են միայն ազգությամբ հայ և փաստաբան լինելու համար: 
  «ԱՍԱԼԱ» խմբավորման անդամների պաշտպանությունը ստանձնած փաստաբան Անրի Լյոկլերը իր ելույթի ընթացքում ընդգծել է հուշատախտակի տեղադրման կարևորությունը ապագա սերունդների համար, մասնավորապես նրա խոսքերով Փարիզի փաստաբանական դպրոցում նշված հուշատախտակի տեղադրումը կարևոր է այնտեղ ուսուցանող ունկնդիրների համար, քանի որ ուսումնառության ամբողջ գործընթացում նրանք կտեսնեն այն: 
  ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությունն իր երախտագիտությունն է հայտնել միջոցառման բոլոր կազմակերպիչներին՝ հատուկ ընդգծելով երկու երկրների փաստաբանական համայնքների միջև առկա գործընկերային և բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը:
  Ի թիվս այլ հյուրերի, միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի նախագահ, նախկինում փաստաբան Պատրիկ Դեվեդջյանը, Իսսի լե Մուլինո քաղաքի քաղաքապետ Անդրե Սանտինին, Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիական Հանրապետության Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախը:



Բեռնել

Վերադառնալ