ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
18.02.2017 17:48Փաստաբան Արայիկ Պապիկյանը հանդիսանում է կալանավորված անձ, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող Աշոտ Պետրոսյանի պաշտպանը: 15.02.2017 թվականին ՔԿՀ աշխատակիցները՝ հղում կատարելով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված ներքին կանոնակարգին (այսուհետ՝ Կանոնակարգ), Արայիկ Պապիկյանին արգելել են առանձնատեսակցություն ունենալ իր պաշտպանյալի հետ, քանի որ նա ՔԿՀ աշխատակիցների կողմից իր մոտ եղած փաստաբանական գործի թղթային կրիչները զննելուց հետո թույլ չի տվել, որպեսզի ծանոթանան դրանց բովանդակությանը:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը 14.02.2017 թվականին այցելել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ՝ իր պաշտպանյալներ Ժիրայր Սեֆիլյանին և Վարուժան Ավետիսյանին տեսակցելու նպատակով: ՔԿՀ աշխատակիցները համապատասխան սարքավորումներով և ակնադիտական եղանակով զննելով Մուշեղ Շուշանյանի հագուստն ու նրա մոտ առկա պոլիէթիլենային տոպրակի զանգվածը և պարզելով, որ դրանում առկա են միայն թղթային կրիչներ՝ հայտնել են, որ պետք է խուզարկեն փաստաբանի պոլիէթիլենային տոպրակը, պարզելու համար դրանում գտնվող փաստաթղթերը վերաբերում են քրեական գործին, թե ոչ: Մուշեղ Շուշանյանը հրաժարվել է խուզարկվելուց, ինչի կապակցությամբ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ պետն իր 14.02.2017թ. որոշմամբ մերժել է կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանի հետ նրա տեսակցությունը:
Փաստաբան Մոնիկա Մարգարյանը հանդիսանում է կալանավորված անձ, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող Թաթուլ Թամրազյանի պաշտպանը: 31.01.2017 թվականին հղում կատարելով Կանոնակարգին, ՔԿՀ աշխատակիցները Մոնիկա Մարգարյանին արգելել են առանձնատեսակցություն ունենալ իր պաշտպանյալի հետ, քանի որ նրան և նրա իրերը զննելուց հետո փաստաբանը հրաժարվել է խուզարկվել:
Նշված միջադեպերը քննարկվել են ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կողմից և քննարկման արդյունքներով հանձնաժողովը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
«- Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը դատապարտում է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի և ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կողմից փաստաբաններ Մուշեղ Շուշանյանին, Արայիկ Պապիկյանին և Մոնիկա Մարգարյանին իրենց պաշտպանյալների հետ տեսակցություններն արգելելը այն պատճառաբանությամբ, որ վերջիններս հրաժարվել են խուզարկությունից և/կամ իրենց մոտ եղած փաստաբանական գործի նյութերը հետազոտելու համար ՔԿՀ աշխատակիցներին տրամադրելուց կամ այլ կերպ հասանելի դարձնելուց:
- Հանձնաժողովը ՀՀ պետական մարմիններին և պաշտոնատար անձանց հորդորում է զերծ մնալ փաստաբանական գործունեությանը միջամտելուց:»:
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ