ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՕՐ Է . ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ
11.02.2017 14:30Մեկնարկել են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունները։
Հերթական ընդհանուր ժողովի օրակարգում երեք հարց է՝ Պալատի խորհրդի ընտրություն, կարգապահական գործ պատրաստող անձանց ընտրություն և Փաստաբանի օր սահմանելու վերաբերյալ քվեարկություն։ Ընտրությանը մասնակցող փաստաբանների թիվը՝ 1779:
Ինչպես և նախատեսված էր, քվեարկությունը սկսել է ժամը 10-ից, տևելու է մինչև 17-ը։ Քվեարկության ավարտից անմիջապես հետո հաշվիչ հանձնաժողովը կսկսի հաշվարկի գործընթացը։
Պալատի խորհրդի անդամների թեկնածուները 39-ն են, կարգապահական գործ պատրաստողների թեկնածուները 20-ն են:
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
1. Հաշվիչ հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը և ժամին` հայտարարում է քվեարկության սկիզբը և թույլատրում ընտրողների մուտքը քվեարկության սենյակ:
2. Քվեարկության սենյակում հաշվիչ հանձնաժողովի անդամներից և քվեարկողներից բացի, կարող են ներկա լինել թեկնածուների մեկական վստահված անձինք, դիտորդները: Թեկնածուն քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող է գտնվել միայն քվեարկությանը մասնակցելու համար:
3. Քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել Հաշվիչ հանձնաժողովի նախագահի կողմից որոշված քանակից ավելի քվեարկող: Քվեարկության բնականոն ընթացքն ապահովելու համար Հաշվիչ հանձնաժողովի նախագահն իրավունք ունի ընտրողներին քվեարկության սենյակ թողնելու հերթով` մեկ-մեկ:
4. Գաղտնի քվեարկության մասնակիցը` փաստաբանների պալատի անդամը (այսուհետ նաև` ընտրող), մոտենում է համապատասխան սեղանին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը կամ փաստաբանի վկայականը: Հաշվիչ հանձնաժողովի անդամը ստուգում է ընտրողի տվյալները, որից հետո ընտրողը ստորագրում է իր անվան դիմաց և նրան տրամադրվում են քվեաթերթիկներ:
Քվեաթերթիկները տպագրված են՝
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրության քվեաթերթիկները՝ սպիտակ գույնի թղթի վրա,
ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական գործը նախապատրաստող անձանց ընտրության քվեաթերթիկները՝ դեղին գույնի թղթի վրա,
«Փաստաբանի օր» սահմանելու մասին հարցի ընտրության քվեաթերթիկները՝ կանաչ գույնի թղթի վրա։
5. Քվեաթերթիկները ստանալուց հետո ընտրողը մոտենում է քվեախցիկին և կատարում իր ընտրությունը։ Ընտրողը քվեախցիկում յուրաքանչյուր քվեաթերթիկն առանձին-առանձին քառապատիկ ծալում է և քվեախցիկից դուրս գալուց հետո այդ վիճակով գցում է նշված խմբի համար առանձնացված քվեատուփի մեջ: Ընտրությունը կատարելուց անմիջապես հետո ընտրողը հեռանում է քվեարկության կատարման վայրից:
6. Քվեարկության ժամանակ ընտրողը նշում է կատարում իր նախընտրած թեկնածուների կամ տարբերակի օգտին, որը չպետք է գերազանցի`
- Փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրության ժամանակ` 12 (տասներկու) թեկնածուների թվաքանակը,
- գործը նախապատրաստող անձանց թեկնածուների ընտրության ժամանակ` 20 (քսան) թեկնածուների թվաքանակը, իսկ
- «Փաստաբանի օր» սահմանելու մասին օրակարգային հարցի քվեարկության ժամանակ՝ 1 (մեկ) տարբերակը։
Սույն կետում նշված պահանջը խախտելու դեպքում քվեաթերթիկը կհամարվի անվավեր:
7. Քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով Հաշվիչ հանձնաժողովը պարտավոր է սահմանել լրացուցիչ հնարավորություններ` ապահովելով քվեարկողի կամքի ազատ արտահայտման հնարավորությունը և քվեարկության գաղտնիությունը:
8. Ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ: Լիազորված անձանց միջոցով քվեարկությունն արգելվում է:
9. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի Հաշվիչ հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի Հաշվիչ հանձնաժողովի անդամ կամ վստահված անձ: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։
10. Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել կամ վնասել է, ապա կարող է դիմել Հաշվիչ հանձնաժողովի նախագահին` նոր քվեաթերթիկ ստանալու համար: Հաշվիչ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ընտրողին հատկացվում է նոր քվեաթերթիկ, ընտրողների ցուցակում կատարվում է համապատասխան նշում տվյալ ընտրողի անվան, ազգանվան դիմաց: Սխալ լրացված (վնասված) քվեաթերթիկն անհապաղ մարվում է:
Բեռնել
Վերադառնալ