ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

21.09.2016 00:10

Սիրելի հայրենակիցնե՛ր,

Մենք տոնում ենք մեր հանրապետության անկախության 25 ամյակը: Արմատական փոփոխությունների, սկզբունքային, հիմնարար ինստիտուտների կայացման երկուսուկես տասնամյակ, ինչը լի էր ոգևորություններով և վերապահումներով, հուսահատության պահերով և դրանց դիմակայելու պատրաստակամությամբ: Պատմության համար 25 տարին ակնթարթ է, առավել ևս նոր կազմավորվող, հնից վատ ժառանգություն ստացած, աշխարհաքաղաքական ոչ բարենպաստ դիրքում գտնվող երկրի համար:

Այս տարիները լուրջ փորձաքար էին մեր ժողովրդի կյանքում, մեկը մյուսին հաջորդող դժվարությունները, արտաքին մարտահրավերներն ու իրական պատերազմական իրավիճակում գոյատևելը թրծեց մեր ժողովրդի ամուր կամքը, կարևորեց միախմբվածության անհրաժեշտությունը և հուշեց անկախության գինը…

Այսօր էլ քիչ  չեն դժվարություններն ու վաղվա օրվա հանդեպ անորոշությունը, հանգամանքների թելադրմամբ, ցավոք դեռ վերացած չէ: Սա ապացուցեց նաև Արցախի քառօրյա պատերազմի մեր արագ ինքնակազմակերպումը, սերունդների համերաշխության կայծակնային հակագրոհը՝ հանուն անկախության և ապագայի: Անկախությունն իր հետ բերեց նոր մոտեցումներ և առողջ ու անկաշկանդ մտածելակերպ: Անկախության սերունդը 25 տարեկան է՝ իր իրավունքներն իմացող, չարը չհանդուրժող, բարու կարևորությունը գիտակցող:

Ուրախությամբ պետք է փաստել, որ փոխարինելու է գալիս նոր մտածելակերպ ունեցող անկախության սերունդը՝ թարմ մոտեցումներով և նոր շնչով: Որպես Հայաստանի Հանրապետության  փաստաբանների պալատի ներկայացուցիչ, չեմ կարող գոհունակություն չհայտնել փաստաբանների շարքերը համալրող մեր երիտասարդներից: Փաստաբանական դպրոց են ընդունվում ու փաստաբանի որակավորման քննությունները հաջողությամբ են հանձնում շատերն, ում խորթ են խորհրդային կարգերի արատավոր երևույթները, ում համար մերժելի են կոռուպցիոն դրսևորումները և ովքեր չեն կարող պատկերացնել, թե ինչ է անկախ չլինելը: Նրանց համեմատության եզրերը առաջադեմ երկրների օրինակելի փորձն է, նշաձողը՝ առավել բարեկեցիկ ու անվտանգ երկիր ունենալը…

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ՝ մաղթելով առանց կորուստների մարտունակ բանակ, կայացած և անկախ դատական համակարգ, լիարժեք գործող պետական ինստիտուտներ, խաղաղ ու բարեկեցիկ երկիր: Թո՛ղ բոլորիս հաջողվի հպարտությամբ կրել ԱՆԿԱԽ ԵՐԿՐԻ ԼԻԱՐԺԵՔ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՈՉՈՒՄԸ…

Արա Զոհրաբյան



Բեռնել

Վերադառնալ