ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄՆ ԻՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՑ ԿՏԱՎ Է ՆՎԻՐԵԼ ՊԱԼԱՏԻՆ
15.09.2016 16:29Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հյուրընկալել էր Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Մհեր Շահինյանին:
Հանդիպման առիթը մասնագիտությամբ ոչ նկարիչ, բայց վերջին տասնամյակում ստեղծագործող, գեղանկարչության ասպարեզում լուրջ հաջողություններ գրանցած Մհեր Շահինյանի նվերն էր ՀՀ փաստաբանների պալատին:
Մհեր Շահինյանը փաստաբաններին է նվիրել իր անձնական հավաքածոյի «Ֆուգա 1» նկարը: Դիմելով պալատի աշխատակազմին՝ նկարիչը նշել է, որ անձնապես շփում ունենալով փաստաբանների հետ, ինչպես նաև նկատելով վերջին ժամանակահատվածում փաստաբանական համայնքի ներդրած ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության գործում, որոշել է խրախուսել համայնքի ներկայացուցիչներին և իր արտահայտմամբ՝ նոր իմպուլս հաղորդել ներկա և ապագա փաստաբաններին: Երեք ամսում ավարտին հասցրած նկարը ներկայացնելիս՝ Մհեր Շահինյանը տեղեկացրել է, որ նկարի ներշնչանքի աղբյուրը Յոհան Սեբաստիան Բախի համանուն ստեղծագործությունն է եղել, որը, չնայած իր հանգիստ մեղեդայնության, ստիպել է հեղինակին նկարել շարժումը, վազքը (Fuga-լատիներենից թարգամանաբար՝ վազք, թռիչք) խորհրդանշող գործ:
Նա նշել է, որ փաստաբանների ժամանակը սահմանափակ է, ինչից արվեստի հետ շփվելը կարող է տուժել:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Մհեր Շահինյանին խորհրդանշական նվերի՝ մշակութային հաճոյախոսության համար: Արա Զոհրաբյանը նշել է, որ «Արվեստը իրականության գեղագիտորեն արտահայտման տեսակներից մեկն է: Փաստաբանություն և արվեստ հարաբերակցությունը շատ կարևոր է մեզ համար: Հուսով եմ՝ հենց այս սենյակում, որը հանդիսանում է խորհրդի նիստերի դահլիճը, այս նկարը լավ տրամադրություն կպարգևի և ձեր նշած վազք, իմպուլսը կտա մեզ»։
Հեղինակի ներկայությամբ և մասնակցությամբ, գեղանկարը փակցվել է փաստաբանների պալատի խորհրդի դահլիճում։
Բեռնել
Վերադառնալ