ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ
21.07.2016 16:26Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Միացյալ ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ հանրային պաշտպանները քննարկել են «Փախստականների կարգավիճակի մասին Կոնվենցիայի» 31-րդ հոդվածի կիրառման պրակտիկան և առանձնահատկությունները:
Քննարկմանը բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթը և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը:
Անդրադառնալով Միացյալ ազգերի կազմակերպության կողմից փախստականների իրավունքներին առնչվող առաջնահերթություններին՝ Քրիստոֆ Բիերվիրթը նշել է, որ իրենց գրասենյակը մշտապես իր խոր մտահոգությունն է արտահայտել փախստականների խնդիրների վերաբերյալ՝ ջանալով ուշադրություն հրավիրել փախստականների հիմնական իրավունքների և ազատությունների ապահովմանը: Նա նշել է, որ հայ ժողովուրդը բազմիցս պատմականորեն տեղահանվել է և մեր երկրում իրապես նկատելիորեն կարևորվում է փախստականների իրավունքների պաշտպանությունը:
ՀՊԳ ղեկավար Մելանյա Առուստամյանը, շարունակելով բանախոսի միտքը, հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունում Փախստականների իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների և փորձի ներդրման այդ թվում` Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների իրացման գործում ՝ անվճար իրավաբանական օգնության տրամադրման գործընթացում նշանակալի է Հանրային պաշտպանի գրասենյակի դերը:
Մասնակիցները քննարկել են ապօրինի սահմանահատման ապաքրեականացման միջազգային պրակտիկայում արձանագրված դրական և չհաջողված դեպքերը: Բանախոսները ներկայացրել են ապաստանի հայցման միջազգային և ներպետական իրավական դաշտի առկա վիճակը, զարգացման հնարավորություններն ու անհրաժեշտ ձեռնարկվելիք քայլերը:
Քննարկման ավարտին կողմերն արձանագրել են, որ առաջին համատեղ այս միջոցառումը հաջող մեկնարկ էր հետագա առավել խորը ուսումնասիրությունների և փախստականների իրավունքների պաշտպանության բնագավառում փոխգործակցության համար:
Բեռնել
Վերադառնալ