ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՆՇԵԼ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
01.06.2016 22:53Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հունիսի մեկին Զաքիյան-Խորենացի փողոցների հարակից տարածքում գտնվող Մանկական զբոսայգում կազմակերպել էր Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում: Պալատը շոու ծրագրի, ուրախ ծաղրածուի կատակ-համարների և հյուրասիրության տեսքով անակնկալներ է մատուցել երեխաներին: Զբոսայգի այցելած երեխաները մասնակցել են Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ բեմադրված համերգային տոնակատարությանը:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը Save the Children Armenia երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության հետ միասին միջոցառման ընթացքում հայտարարել է նաև Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ հայտարարած՝ ԵՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՄ խորագրով շարադրության մրցույթի արդյունքները: Մրցույթի հաղթողներն ընտրվել են 3 տարիքային խմբով՝ յուրաքանչյուր խմբում ունենալով համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ մրցանակային տեղեր: Այսպես՝ 7-ից 9 տարեկան աշակերտների խմբի առաջին մրցանակը հանձնվել է Հայկ Սերգոյանին, երկրորդ մրցանակակիր է ճանաչվել Էլեն Հակոբյանը և երրորդ մրցանակակակիր՝ Երանուհի Գեղամյանը: 10-ից 12 տարեկան խմբի երեք մրցանակակիրներն են՝ հաղթող Արամե Հովսեփյանը, երկրորդ մրցանակակիր՝ Մարինե Պապինյանը և երրորդ մրցանակակիր՝ Տաթևիկ Մելքոնյանը: 13-15 տարեկանների խմբի առաջին երեք մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝ առաջին մրցանակ՝ Մերի Յարալյան, երկրորդ տեղ՝ Ինգա Սերոբյան և երրորդ տեղ՝ Մարիամ Մալխասյան:
Հատկանշական է, որ երեխաները հիմնականում եղել են սահմանամերձ շրջաններից:
Երեխաների շարադրություններում մեծ հետք են թողել պատերազմական թեմաները՝ խաղաղության և անհոգ մանկության իրավունքի բարձրաձայնմամբ: Տավուշի մարզից 14 տարեկան Մերի Յարալյանն, օրինակ գրել է «Ես իրավունք ունեմ պաշտպանելու իմ կրոնը, իմ սահմանամերձ գյուղը, իմ հայրենի հողը, իմ Հայաստանը, որպեսզի ցանկացած հայ մանուկ ապրի իր հայրենի օջախում, պապենական հողում, ազատ, անկախ ու հզոր երկրում արժանապատվորեն և անհոգ ու երջանիկ մանկություն ունենա…»:
Չորրորդ դասարանցի Երանուհի Գեղամյանը խոսում է երեխաների մի շարք իրավունքներից: Շարադրության մեջ հանդիպում են այս տողերը «Իմ այս իրավունքները չունեն ամրագրման կարիք, քանզի դրանք փոխանցվում են ազգիս հզոր գեներով ու հաստատվում հայրենիքիս նկատմամբ տածած անշահախնդիր սիրով»:
«Եթե մենք չենք օգտվում այդ հնարավորությունից. լավ չենք սովորում, բացակայում ենք պարապմունքներից, ծուլանում ենք, նշանակում է մենք չենք օգտվում մեր իրավունքներից: Այս դեպքում իրավունքն անպետք իրի է նմանվում: Չպետք է իրավունքն անպետք իրի վերածել: Այն կարևոր արժեք է ազատ կյանք ունենալու համար» ,-համոզված է 8-րդ դասարանցի Արամե Հովսեփյանը:
Յոթ տարեկան Հայկ Սերգոյանն էլ, նկարագրելով ամառային արձակուրդին Չորաթան գյուղում անցկացրած իր օրերը, գրում է. «……իրենց գյուղում ոչ մի երեխայի ծննդյան տոնին հրավառություն չեն անում, քանի որ գյուղի մյուս ծայրում մարդիկ կմտածեն, թե թուրքերն են էլի կրակում, կվախենան… Երևան գալու ճանապարհին արդեն ես արցունքներս զսպել չկարողացա: Ճանապարհից չէի հոգնել, ուղղակի հիշում էի մութ նկուղում պսպղացող Յուրիի աչքերն ու ուզում էի, որ նա ու չորաթանցի իմ նոր ընկերները հրավառություններ տեսնեն: Ես մտածում էի, որ նրանք էլ իմ նման հրավառություններից ուրախանալու իրավունք ունեն»...
ՀՀ փաստաբանների պալատը և Save the Children Armenia կազմակերպությունն անակնկալ էին պատրաստել նաև Հայաստանի մանուկներ հիմնադրամի «Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրի» հատուկ մանկավարժական/լոգոպեդական ծառայությունից օգտվող Արագածոտնի և Արմավիրի մարզերի երեխաների համար, ովքեր նույնպես մասնակցել էին շարադրությունների մրցույթին: Մասնակից բոլոր երեխաները ստացել են խրախուսական մրցանակներ:
Save the Children Armenia երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության տնօրեն Արսեն Ստեփանյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, նշել է, որ ցանկանում է մոտ ապագայում իսկապես Հայաստանում Հունիսի մեկը պաղպաղակ ուտելուց, կենդանաբանական այգի այցելելուց զատ, հավատարիմ մնա երեխաների իրավունքների պաշտպանության օրվա խորհրդին: Նա առանձնացրել է հիմնական երեք սկզբունք, որոնցով պետք է առաջնորդվել երեխաների իրավունքների լիակատար պաշտպանության հարցում: Ըստ Ստեփանյանի՝ երեխան պետք է ապրի ընտանիքում, չլինեն մանկատներ, ծեծը պետք է դադարի կիրառվել որպես դաստիարակության միջոց և երրորդ սկզբունքը, որն առանձնացրել է Ստեփանյանը՝ փաստաբանները պետք է ակտիվորեն խրախուսեն երեխայի լավագույն շահի կիրառումը՝ երեխային վերաբերող որոշումներում:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը միջոցառման կազմակերպման հարցում համագործակցելու համար շնորհակալագրեր է հանձնել «Մանուկների մոլորակ» կրթադաստիարակչական գեղագիտական կենտրոնի ղեկավար Անուշ Խաչատրյանին և Հայաստանի ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանին:
Բեռնել
Վերադառնալ