ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ԴԻՄԱՔԱՆԴԱԿԸ

31.05.2016 15:13

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ԴԻՄԱՔԱՆԴԱԿԸ

Մայիսի 31-ին, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի վարչական շենքի բակում տեղի է ունեցել Մխիթար Գոշի հուշարձանի բացման արարողությունը:
Վաղ միջնադարի Վարդապետի դիմաքանդակի հեղինակն է հայտնի քանդակագործ, քանդակային կոմպոզիցիաների վարպետ Ղուկաս Չուբարյանը (Չուբարը) (16.06.1923 - 23.03.2009): 
Հուշարձանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին նվիրաբերել է ՀՀ վաստակավոր բժիշկներ, բարերարներ Կառլեն և Սառա Եսայանների ընտանիքը։
Միջոցառումը սկսվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աղոթքով: 
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ նա մասնավորապես նշել է, որ Մեծ Վարդապետի թողած ավանդն անգնահատելի է Հայաստանի հոգևոր և աշխարհիկ կյանքում։ Գոշն աչքի է ընկել միջնադարյան աշխարհին դեռևս անհայտ բարոյականության նոր և ժամանակակից լուծումներ առաջարկելու խիզախությամբ և մինչ օրս կիրառելի պատգամներով։ Անդրադառնալով Գոշի փիլիսոփայությանը և աշխատություններին՝ Արա Զոհրաբյանն ընդգծել է, որ 12-րդ դարում, երբ Եվրոպան Խաչակրաց արշավանքներ էր ձեռնարկում, Հայաստանի հեռավոր վանքերից մեկում Մխիթար Գոշն առաջարկում էր ՕՐԻՆԱՊԱՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ հետաքրքիր մոդել, ինչը իրավական մտքի գյուտ էր։
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ իրեն միշտ հիացրել է Վարդապետի՝ ժամանակի հարաբերություններն առաջադեմ կերպով համապարփակ կարգավորելու տաղանդը, նրա գրչի ճկունությունն ու մտքի թռիչքը, այն, թե ինչ հանճարեղ կերպով է մեծանուն գիտնականը միավորել Աստվածաշնչյան կանոնները, հայոց կանոնական և սովորութային իրավունքը: ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ Պատմիչի վկայությամբ՝ Վարդապետը երկար տարիներ «Դատաստանագիրքը» անավարտ Էր համարում, քանի որ, ըստ նրա` օրենսգրքերը երբեք կատարյալ և ավարտուն չեն կարող լինել. ժամանակի, միջավայրի և իրադրության պահանջով միշտ ենթակա են փոփոխման, լրացման ու կատարելագործման: Ուստի, առաջադեմ մտածողը խնդրում է հետնորդներին, որպեսզի լրացնեն ու կատարելագործեն: Վարդապետը խորապես գիտակցում էր, որ իրավունքը և օրենսդրությունը տարբեր ժամանակներում, տարբեր երկրների և ժողովուրդների մոտ տարբեր է և առանձնահատուկ, ուստի, յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ընտրի իր կարգերին ու ժամանակին համապատասխանող նորմեր: Ելույթի վերջում Ա. Հովհաննիսյանը նշել է, որ մեր գործունեության ընթացքում, պետք է հետևենք Մ. Գոշի այն մտքին, որ արդարությունը պետք է լինի անաչառ, անկաշառ ու արդարացի և որ օրենքին ենթարկվելը պարտադիր է բոլորի համար: Ողջունելով ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությունը՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խորհրդանշական է համարել ՀՀ փաստաբանների պալատի բակում Գոշի դիմաքանդակի տեղադրումը, քանի որ Մխիթար Գոշն էր հենց իր Դատաստանագրքում խոսել դատավարության, դատ ու դատաստանի, մարդու իրավունքների մասին: Նա նկատել է, որ դրանք ունեն այնպիսի արդիական նշանակություն, որ այսօր ընկալվում են՝ որպես եվրոպական քաղաքակիրթ արժեքներ: Մարդու իրավունքների պաշտպանը անգնահատելի է համարել փաստաբանների դերը Հայաստանում մարդու իրավուքնների և ժողովրդավարության կայացման գործում և, հետևաբար նաև՝ Մխիթար Գոշի ներկայացրած սիզբունքներն իրագործելու հարցում:
Ելույթի վերջում Արման Թաթոյանն ասել է, որ այսպիսի միջոցառումները հնարավորություն են տալիս ևս մեկ անգամ քաղաքակիրթ աշխարհին ներկայացնելու հայ իրավական մտքի հարուստ պատմությունը և ապացուցելու, որ դրանք մեր իրավական համակարգի պատմական հիմքերն են կազմում:
Ելույթ են ունեցել նաև «Մխիթար Գոշի ժառանգությունը. Պատմություն և արդիականություն» գիտագործնական ձեռնարկի հեղինակ Գառնիկ Սաֆարյանը, գրող հրապարակախոս, հասարակական գործիչ Զորի Բալայանը: 
Փաստաբան Ալինա Ենգոյանի կատարմամբ հնչել է Կոմիտասի «Տեր ողորմեա» ստեղծագործությունը։
Փաստաբանների երեխաների ջանքերով բեմադրվել է Մեծ Վարդապետ Մխիթար Գոշի առակներից մեկը։


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ