ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
19.05.2016 16:26ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը մայիսի 18-ից Սանկտ Պետերբուրգի Միջազգային իրավական ֆորումի շրջանակներում եռօրյա պաշտոնական այցով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում: Միջազգային ֆորումի օրակարգում մասնակից երկրների իրավական հարթակի խնդիրների վերհանումն է, օրենսդրական միասնական լուծումների առաջարկումը, ինչպես նաև մասնակից երկրների փաստաբանական կառույցների խնդիրներին ու զարգացման միտումներին առնչվող հարցերի քննարկումն է:
Մայիսի 18-ին արծարծված հարցերի շրջանակը ծավալվել է Իրավունքի հանդեպ վստահության և գլոբալ ճգնաժամերի լուծման ուղիներ նախանաշելու խորագրի շուրջ: Ֆորումին մասնակցող երկրների պատվիրակները ղեկավարած կառույցների օրինակներով բարձրաձայնել են իրենց լիազորությունների շրջանակներում ստանձնած հանձնառությունները, դրանց իրականացման օրենսդրական նախադրյալները: ՀՀ փաստաբանների պալատի նախագահը ներկայացրել է ՀՀ փաստաբանների պալատի գործառույթները, փաստաբանների իրավունքների պաշտպանության գործող մեխանիզմները:
Ելույթում Պալատի նախագահը շեշտել է փաստաբանական համայնքի համախմբվածության փաստը՝ նշելով, որ միայն համախմբման պարագայում է հաջողվում միասնական լուծումներ գտնել համայնքի գործունեությունը խոչընդոտող մի շարք խնդիրների: Այս առումով Արա Զոհրաբյանը ներկայացրել է որոշ օրինակներ, երբ փաստաբանական համայնքը իր գործուն մասնակցությունն է ունեցել հասարակական-քաղաքական գործընթացներին առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Ներկաները հետաքրքրվել են ՀՀ-ում օտարերկրյա փաստաբանների գործունեությունը խոչընդոտող հնարավոր արգելքներից: Ի պատասխան Պալատի նախագահը նշել է, որ ՀՀ փաստաբանների պալատն իրականացնում է օտար պետությունների փաստաբանների հավատագրում, ինչը հնարավոր է դարձնում արտասահմանցի փաստաբանների աշխատանքի իրականացումը ՀՀ-ում:
Ֆորումի մասնակից երկրների փաստաբանական կառույցների ղեկավարներին հետաքրքրել է Հանրային պաշտպանի գրասենյակի և Փաստաբանական դպրոցի գործունեության մանրամասները, ինչպես նաև՝ անվճար իրավաբանական օգնության մատուցման հայաստանյան հաջողված փորձը: Պատասխանելով գործընկերներին հետաքրքրող հարցերին՝ Պալատի նախագահը անդրադարձել է Պալատում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև ըստ անհրաժեշտության ստեղծվող աշխատանքային խմբերին: Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիային իրավական գնահատական տալու նպատակով ստեղծվել է ժամանակավոր փորձագիտական խումբ: Խումբը նպատակ ունի համապատասխան եզրակացություն պատրաստել ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակչության շրջանում իրականացրած վայրագությունների վերաբերյալ, ինչպես նաև նախատեսում է իրավական գնահատական տալ Ադրբեջանի բանակի կողմից Արցախի խաղաղ բնակիչների, հայ զինվորների գազանաբարո խոոշտանգումներին ու սպանություններին, գլխատման փաստերին: Մյուս մասնակիցների ելույթներում հիմնականում շեշտվել է իրենց երկրների փաստաբանների իրավունքներին և աշխատանքի արդյունավետությանը նպաստող և խոչընդոտող ընդհանուր գործոնները: Յուրաքանչյուր երկրի պատվիրակ իր կառույցի օրինակով ընդգծել է օրենսդրական մարտահրավերների առկայության դեպքում փաստաբանական համայնքի համերաշխության կարևորությունը: Միջազգային իրավական ֆորումի շրջանակներում նախատեսում է փաստաբանական գործունեության հիմանական սկզբունքներին առնչվող համատեղ խարտիայի ստորագրում:
Բեռնել
Վերադառնալ