ԲԱՐՈՅԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԻԵԿ-Ի ՄԻՋև ԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿԱՐԾԻՔ
19.05.2016 09:43Ի տարբերություն բարոյական վնասի վերաբերյալ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված կարգավորումների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու ՄԻԵԴ ձևավորած պրակտիկայի համաձայն, բարոյական վնասը չունի հատուցման գումարի վերին շեմ: Սա այն տարբերությունն է, որն առաջին իսկ հայացքից նկատելի է: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ դրանից ելնելով՝ Եվրոպական կոնվենցիան Հայաստանի օրենսդրությունից շատ ավելի ճկուն է:
«Մերոնք փորձել են Կոնվենցիային շատ համապատասխանեցնել մեր օրենսդրությունը, բայց, իհարկե, ամբողջությամբ չեն կարողացել անել»,- նշեց Հ.Ալումյանը:
Ըստ փաստաբանի, Եվրոպական կոնվենցիան նախատեսում է, որ ՄԻԵԿ-ով ամրագրված ցանկացած իրավունքի կամ ազատության խախտման դեպքում կարող է տեղի ունենալ բարոյական վնասի դրամական փոխհատուցում: «Մեր օրենսդրությունը մասնավորեցրել է դեպքերը, բայց Կոնվենցիայով նախատեսված բոլոր իրավունքները չի նախատեսել: Այսինքն՝ կան կոնվենցիոն իրավունքներ կամ ազատություններ, որոնց խախտման դեպքում մեր օրենսդրությամբ չի նախատեսվել դրամական փոխհատուցում: Սա արդեն Կոնվենցիայի հետ անհամապատասխանություն է»,- ասաց նա:
Օրինակ՝ Կոնվենցիայի 4-րդ հոդվածով՝ Ստրկության ու հարկադիր աշխատանքի արգելում, ամրագրված իրավունքի խախտման դեպքում Եվրոպական կոնվենցիան նախատեսում է բարոյական վնասի դրամական փոխհատուցում, մինչդեռ Հայաստանի օրենսդրությունում նման բան չկա:
Ի դեպ, արդար դատաքննության իրավունքի խախտման դեպքում Կոնվենցիայով անպայման չէ, որ բարոյական վնասը դրամական փոխհատուցում ստանա. այն դեպքերում, եթե հնարավոր է վերականգնել նախքան խախտումն եղած վիճակը, դրամական փոխհատուցում կարող է և տեղի չունենալ: «Մեր օրենսդրության մեջ իմպերատիվ գրել են, որ արդար դատաքննության իրավունքը ենթակա է հատուցման, երանգները հաշվի չեն առել: Մի դեպքում իհարկե, ենթակա է հատուցման, մյուս դեպքում կարող է չհատուցվել, այստեղ կացնային մոտեցում է»,- ընդգծեց Հայկ Ալումյանը:
Կոնվենցիայի 7-րդ հոդվածը՝ Պատիժ բացառապես օրենքի հիման վրա, նախատեսում է, որ ոչ ոք չի կարող ենթարկվել մի պատժի, որը հանցագործությունը կատարելու ժամանակ գոյություն չի ունեցել: Եթե այս իրավունքը խախտվի, Կոնվենցիան նախատեսում է դրամական փոխհատուցում, Հայաստանի օրենսդրությունը՝ ոչ: «Գրել են մի օրենք, որ շատ շուտով նորից է փոխվելու, հետո նորից ու նորից է փոխվելու: Ինչպես միշտ, միանգամյա օգտագործման օրենքներ են գրում և առաջին օգտագործումից հետո պարզվում է, որ օրենքը չի աշխատում: Շատ վատ վիճակ է, ի դեպ, նաև այս տեսանկյունից»,- նշեց Հայկ Ալումյանը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Բեռնել
Վերադառնալ