ՀՀ Փաստաբանների Պալատ

ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՄԻԵԴ ԵՎ ՍԴ ԴԻՄԵԼԸ ՄԻԳՈՒՑԵ ԿԲԵՐԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ. ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿԱՐԾԻՔ

13.05.2016 11:59

ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՄԻԵԴ ԵՎ  ՍԴ ԴԻՄԵԼԸ ՄԻԳՈՒՑԵ ԿԲԵՐԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ. ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿԱՐԾԻՔ

Հայաստանի օրենսդրությամբ բարոյական վնասի փոխհատուցման չափերը շատ ավելի փոքր են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանվող փոխհատուցման չափերից: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Փաստաբանը նկատեց, որ իրենց հերթին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից բարոյական վնասի դիմաց սահմանվող փոխհատուցման չափերն ավելի բարձր են եվրոպական զարգացած երկրների և ավելի ցածր, օրինակ, Հայաստանի պարագայում: Գուցե հաշվի են առնվում երկրների կենսապայմանները, նվազագույն սպառողական զամբյուղն և այլն:

Կարեն Մեժլումյանն ընդգծեց, որ Հայաստանի օրենսդրությամբ, մասնավորապես, Քաղաքացիական օրենսգրքով սահմանված փոխհատուցման չափերը ՄԻԵԴ սահմանած  «այդ փոքրից էլ ավելի քիչ է, շատ ավելի քիչ է»: Այսինքն՝ մարդը կարող է երկար տարիներ բանտում ազատազրկում կրել շատ վատ հոդվածով, որով դժվար է քրեակատարողական հիմնարկում գտնվել, սակայն արդարացվելու դեպքում փոխհատուցման փոքր գումար ստանալ: «Թեև բացառություն սահմանված է»,- հավելեց Կ.Մեժլումյանը:

Փաստաբանը գտնում է, որ Հայաստանում  բարոյական պահանջի հիմքում պետք է դրվի  Եվրոպական դատարանի կողմից սահմանված գումարի չափին  համարժեք գումարային պահանջ: Երբ որ մերժվի այդ չափով փոխհատուցման պահանջը, կարելի է դիմել Եվրոպական դատարան՝ արձանագրելով, որ այդ փոխահատուցումն էական չէ և ըստ էության չի նպաստում խախտված իրավունքի վերականգնմանը, ինչպես նաև կանխարգելմանը: «Տեսնենք, Եվրոպական դատարանը դա վարույթ կընդունի՞, թե՞ ոչ: Եթե ընդունի, ի՞նչ որոշում կկայացնի: Այսինքն՝ ես այստեղ տեսնում եմ ստրատեգիական դատավարություն,  ինչը միգուցե բերի այս ինստիտուտի զարգացմանը»,- ասաց Կ.Մեժլումյանը:

Փաստաբանը նշեց, որ ստրատեգիական դատավարության կարգով կարելի է դիմել նաև ՀՀ սահմանադրական դատարան և բարձրացնել ՄԻԵԴ նախադեպերով ստեղծված բարոյական վնասի հատուցման  իրավունքը ՀՀ օրենսդրությամբ սահմանափակելու հարցը:

Եթե Սահմանադրական դատարանը ընդունի, որ գումարի փոխհատուցման չափը ավելի պակաս է, քան մինչ այդ ՄԻԵԴ-ն էր սահմանում Հայաստանի համար, ուրեմն Սահմանադրական դատարանը պետք է մեկնաբանի սրանով սահմանափակվո՞ւմ է այդ իրավունքը, թե՞ ոչ: Եթե Սահմանադրական դատարանն որոշի, որ իրավունքը սահմանափակվում է, ապա դա կլինի հիմք օրենսդրական փոփոխության համար, և Ազգային ժողովը պարտավոր կլինի փոփոխել օրենսդրությունը:

Կարեն Մեժլումյանը նշեց, որ փոփոխված ՀՀ սահմանադրության 81-րդ հոդվածը՝ Հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան, սահմանում է, որ «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում ՀՀ վավերացրած  մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան» (Կ.Մեժլումյանը մասնավորեցնում է՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիման վրա ՄԻԵԴ որոշումները, պրակտիկան, այսինքն՝ նախադեպերը):

Նույն հոդվածի երկրորդ մասում նշվում է. «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»:

Այսինքն, ըստ փաստաբանի, հաշվի առնելով, որ Հայաստանի օրեսդրությամբ փոխհատուցման չափն ավելի պակաս է, քան Եվրոպական դատարանի նախադեպերով սահմանվածը, կարելի է մեկնաբանել, որ Հայաստանում  այդ իրավունքը փաստորեն սահմանափակվում է:

Կարեն Մեժլումյանը հավելեց, որ Սահմանադրական դատարանը և հիշյալ սահմանադրական դրույթը, պետք է անցնեն փորձությունը, և բոլորը կտեսնեն, թե  սահմանափակումը որքանով է կիրառելի՝ ընդհուպ դատարանների ու ՍԴ-ի կողմից:

 

Աղբյուր` Փաստինֆո



Բեռնել

Վերադառնալ