«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓԱՍՏԱԲԱՆԻՑ 168 ԺԱՄ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻՆ
03.05.2016 11:14ՀՀ կառավարությունն առաջարկում է լրացում կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում, որի նպատակը, ըստ հիմնավորման, պարտապանին հնարավորություն տալն է՝ իր գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում չզրկվել նվազագույն բնակապահովումից:
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ առաջարկը լավն է: Այժմ էլ օրենքը սահմանում է գույքի ցանկը, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել: «Սա ինչ-որ նոր ինստիտուտ չէ: Օրենսդիրն ինքն է որոշում, թե որ գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել: Մեծ հաշվով՝ այս օրենքը կարելի է համարել այդ ցանկի լայնացում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ փայտը երկու ծայր ունի, բայց իր պրակտիկայից գիտի դեպքեր, երբ պարտավորությունների հետ կապված՝ մարդիկ անտուն են մնացել: «Առնվազն տունը պետք է լինի այն անձեռնմխելի գույքը, որից մարդը չզրկվի և փողոցում չհայտնվի»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ օրենքն առաջարկում է սահմանել, որ բռնագանձում չի կարող տարածվել միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի վրա, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի գնահատված արժեքի 75 տոկոսը հավասար կամ ցածր է կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Եթե միակ բնակարանն իրացվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա ՀՀ կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը վերադարձվում է պարտապանին: Ըստ նախագծի՝ սահմանված դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ գույքը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար, ինչպես նաև, երբ բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման պահանջները:
Հեղինակ՝ 168 ԺԱՄ
Բեռնել
Վերադառնալ