ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ՚ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՓԱՍՏ ԼՐԱՏՎԱԿԱՆԻՆ
01.05.2016 10:50Այսօր Մայիսի 1-ն է՝ Աշխատավորության օրը: Past.am-ն աշխատանքային իրավունքների մասին զրուցել է փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ:
Ըստ փաստաբանի` աշխատողների իրավունքները հնարավոր է պաշտպանել, եթե առկա է աշխատանքային պայմանագիր: Մեր զրուցակիցը նշեց, որ աշխատանքային պայմանագիր կնքելով` կարելի է բազմաթիվ իրավախախտումներ կանխարգելել: Տիգրան Սարգսյանի խոսքով՝աշխատանքային պայմանագիրը նաև բարձրացնում է աշխատողի հավատը դեպի գործատուն, ինչն էլ նպաստում է աշխատողի նվիրվածությանը և ոգևորվածությանը դեպի աշխատանքը:
Սարգսյանն ընդգծեց՝ եթե գործատուն աշխատողի հետ նախապես պայմանագիր չի կնքել, ապա չձևակերպված աշխատողը կարող է պահանջել, որպեսզի կնքվի պայմանագիր և վճարվի չվճարված ժամանակահատվածի համար:
«Եթե քաղաքացին աշխատում է առանց պայմանագրի կամ աշխատանքի ընդունվելու հրամանի, ապա իր աշխատանքային կարգավիճակը և իրավունքները հաստատելու համար կարող է դիմել դատարան ինչպես փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ընթացքում, այնպես էլ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելուց հետո` մեկ տարվա ընթացքում: Եթե դատարանը հաստատված համարի, որ կողմերի միջև աշխատանքային հարաբերություններ են եղել, ապա աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած, և աշխատավարձի հաշվարկը պետք է կատարվի փաստացի աշխատանքը սկսելու պահից»,-հավելեց փաստաբանը:
Հեղինակ՝ ՓԱՍՏ
Բեռնել
Վերադառնալ