ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ՆՈՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՈՎ
30.04.2016 17:32
«Այսօր փաստաբանը հեղինակություն է և ես երջանիկ եմ ու շնորհակալ մասնագիտական այդ հպարտությունը կրողի ինքնավստահության համար, որ դուք վաստակել ու նվիրել եք մեզ»,- ապրիլի 30-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին այս խոսքերով է դիմել ՀՀ փաստաբանական դպրոցի նախկին ունկնդիր և արդեն փաստաբանի արտոնագիր ստացած Լուսինե Գրիգորյանը: Լուսինե Գրիգորյանը նշել է, որ փաստաբան դառնալն իր մանկական երազանքն է եղել, որն իրագործվել է այսօր։
Ելույթ է ունեցել նաև ՀՀ փաստաբանական դպրոցի շրջանավարտ Ստեփան Խզրթյանը, ով կարևորելով փաստաբանների դերը, նշել է, որ ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունված անդեմ օրենքներն ի վերջո փաստաբանների միջամտությամբ են դատարանների կողմից կիրառվում՝ մասնավոր գործերի միջոցով։
Փաստաբանների պալատի խորհրդի նիստի այսօրվա օրակարգում միակ հարցի քննարկման ժամանակ ներկայացված որոշման եզրափակիչ մասը, այն է՝ հավակնորդների՝ արտոնագրեր ստանալու մասին դիմումները բավարարել և հավակնորդներին տրամադրել փաստաբանական գործունեության արտոնագրեր, ընդունվել է միաձայն: Փաստաբանական դպրոցի 62 շրջանավարտ երդվել են Փաստաբանների պալատի խորհրդի առջև՝ դառնալով փաստաբան:
Մինչև արտոնագրեր հանձնելը շրջանավարտներին ողջունել և շնորհավորել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ հորդորելով հետագա գործունեության ընթացքում բարձր պահել փաստաբանի պատիվը: «Փաստաբանի պարտականությունները չեն սկսվում և ավարտվում միայն վստահորդների հանձնարարությունների բարեխիղճ կատարմամբ։ Փաստաբանը հատուկ դեր է ստանձնել հասարակությունում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Կասադո Կոկան ընդդեմ Իսպանիայի գործով կայացված վճռով, նշվել է, որ փաստաբանը հանդիսանում է միջնորդ հասարակության և արդարադատություն իրականացնող մարմնի միջև, ինչով պայմանավորված՝ հատուկ կարգավիճակ ունի։ Միջնորդ ասելով՝ նկատի չունեն կոռուպցիոն գործարքների միջնորդ, այլ մասնագետ, ով իր վստահորդի շահերը ներկայացնում է դատարանում։ »,-նշել է նա՝ հավելելով, որ փաստաբանն իր աշխատանքով պետք է բացառի կոռուպցիոն ռիսկերը: Նա փաստաբաններին նաև մասնագիտական համերաշխության կոչ է արել:
Շրջանավարտներին փաստաբան դառնալու կապակցությամբ շնորհավորել են նաև Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, Փաստաբանների պալատի խորհրդի անդամներ Կարեն Մեժլումյանը, Մարտուն Փանոսյանը, Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ Սեդրակ Ասատրյանը:
Բեռնել
Վերադառնալ