ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՔԱՂ. ՕՐԵՆՍԳՐՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԻՆՖՈՅԻՆ

29.04.2016 13:18

ՀՀ ՔԱՂ.  ՕՐԵՆՍԳՐՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԻՆՖՈՅԻՆ
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում 2015թ. դեկտեմբերին կատարված և սույն թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով և լրացումներով ընդարձակվեց իրավունքների շրջանակը, որոնց խախտման դեպքում անձը կարող է դիմել դատարան և պահանջել ոչ նյութական վնասի հատուցում: «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում այս մասին նշեց փաստաբան, քաղաքացիական իրավունքի մասնագետ Յուրի Շիրինյանը:
 
 Մասնավորապես, փոփոխություններով սահմանված այդ իրավունքներն են՝ կյանքի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, արդար դատաքննության, անձնական ու ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների ու միավորման ազատության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների, սեփականության իրավունքները: 
 
Մինչ այդ՝ 2014 թվականի փոփոխություններով նախատեսվել էր նաև ոչ նյութական վնասի հատուցումը անարդար դատապարտման համար՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսված պայմանների շրջանակում դատապարտյալի արդարացման դեպքում: 
 
Փաստաբանը նշեց, որ Քաղաքացիական օրենսգրքում կատարված անհրաժեշտ փոփոխությունների ու լրացումների համար հիմք ու խթան դարձավ դեռևս 2013թ. Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը, որով ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում ոչ նյութական վնասի և դրա փոխհատուցման ինստիտուտի բացակայությունը: 
 
Մինչև 2014թ. փոփոխությունները Քաղաքացիական օրենսգիրքն ընդգրկում էր անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին վնաս պատճառելու դեպքում առաջացող փոխհատուցման իրավունքը, այսինքն՝ բարոյական կամ ոչ նյութական հատուցումը սահմանափակվում էր այդքանով: 
 
Յու. Շիրինյանն ընդգծեց, որ գործող Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությամբ սահմանված է ոչ նյութական վնասի հատուցումը, այսինքն՝ «բարոյական վնաս» տերմինն այս անգամ ևս չկիրառվեց: Ըստ փաստաբանի, Եվրոպական դատարանի որոշումներում ևս այդ երկու տերմինները նույնականորեն կիրառվում են:
 
Յու.Շիրինյանը նշեց, որ ոչ նյութական վնասի հատուցման չափը՝ որպես այդպիսին, Եվրոպական դատարանի որոշումներում բավականին տարբեր է՝ սկսած, օրինակ՝ 500 եվրոյից (դեռևս 2001թ.-ից Եվրոպական դատարանը որպես տարադրամի միավոր ընդունել է եվրոն) մինչև մի քանի հարյուր հազար եվրո, անգամ միլիոն: Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես, Քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի՝ Ոչ նյութական վնասի հասկացությունը և դրա հատուցումը, երկրորդ մասի առաջին և երկրորդ կետերի՝ 1) կյանքի իրավունքը, 2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը, ինչպես նաև նույն հոդվածի երրորդ մասի համար օրենսգիրքը որպես փոխհատուցման գումար սահմանել է մինչև նվազագույն աշխատավարձի ոչ ավելին, քան 3000-պատիկը, այսինքն՝ 3 մլն դրամից ավելին որպես հատուցում չի կարող լինել: Ւսկ մյուս իրավունքների խախտման համար սահմանված է ոչ ավելին, քան 2000-պատիկը, այսինքն՝ 2 մլն դրամը: 
 
Կա նաև կարգավորում, ըստ որի գործի հանգամանքների բնույթից ելնելով՝ եթե կարիք կլինի սահմանել 3000-պատիկը գերազանցող հատուցման գումար, ապա դատարանը կարող է նշանակել նաև ավելի գումար՝ որպես փոխհատուցում:
 
 Փաստաբանը գտնում է՝ հարց է ծագում, թե այդ ի՞նչ հանգամանքներ կամ օրենսգրքում նշված առաջացող ծանր հետևանքներ կարող են ավելի էական լինել, եթե ոչ կյանքի իրավունքի խախտումը: «Իմ անձնական կարծիքով, հատուցման առավելագույն սահմանի սահմանափակումը իրավական տեսանկյունից, ինչպես նաև ողջամտության տեսանկյունից այնքան էլ ճիշտ քայլ չէ օրենսդրի կողմից»,- նշեց Յու.Շիրինյանը: 
 
Արդյո՞ք փոփոխություններով անձը կարող է ոչ նյութական վնասի պահանջով դիմել դատարան, եթե գործը չի հասել դատարան և, բնականաբար, չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, փաստաբանը նշեց, որ ըստ նախկինում գործող կարգավորման, ոչ նյութական վնասի հատուցումն առաջանում էր այն դեպքում, երբ որ իրավունքի խախտման փաստը հաստատվում էր դատարանի կողմից: Այս փոփոխությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով անձի իրավունքի խախտման դեպքում այդ խախտման համար փոխհատուցում կարող են պահանջել նաև այն դեպքերում, երբ անձի իրավունքի խախտման փաստը հաստատվում է քրեական հետապնդման մարմնի կողմից:
 
 
Հեղինակ
 


Բեռնել

Վերադառնալ