ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ է ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

26.02.2016 11:34

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ է ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

     2016 թվականի փետրվարի 25-ին ՀՀ փաստաբանների պալատում հյուրընկալվել էին ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակությունը՝ «Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության» ծրագրերի Հայաստանի և Վրաստանի պատասխանատու տիկին Ջենել Կուրոդան, նույն ծրագրի արդարադատության ոլորտի խորհրդական՝ տիկին Ռուշանի Մանսուրը և «Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության» Հայաստանի ծրագրի տնօրեն՝ պարոն Ջեք Անդերսոնը:
     Պատվիրակության այցը կատարվել էր օրենքի գերակայության ծրագրի շրջանակներում և նպատակ էր հետապնդում ծանոթանալ ՀՀ փաստաբանների պալատի, հանրային պաշտպանի գրասենյակի և ՀՀ փաստաբանական դպրոցի գործունեությանը, իրականացնել կարիքների գնահատում՝ ծրագրի բարելավման նպատակով, ինչպես նաև գնահատել գործընկեր՝ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցության արդյունավետությունը:
Պատվիրակությանն ընդունել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյան և ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը:
     Արա Զոհրաբյանը հյուրերին ներկայացրել է փաստաբանների պալատի կառուցվածքը, պալատի մարմիններից յուրաքանչյուրի հիմնական գործառույթը, ինչպես նաև հանրային պաշտպանների ընդունելության մրցութային կարգը:
     ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը ներկայացրել է փաստաբանական դպրոցում ընդունելության և ըստ մասնագիտացումների ուսուցման կարգը, խոսել է նաև Համաշխարհային բանկի և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ իրականացվող ծրագրերի, մասնավորապես՝ իրավաբանական կլինիկայի և հեռավար ուսուցման հարթակի մասին:
     Պատվիրակության անդամները մի շարք հարցեր են ուղղել փաստաբանների վերապատրաստման կազմակերպման, ինչպես նաև քննիչների և դատախազների հետ փաստաբանների փոխհարաբերությունների վերաբերյալ, հանդիպել են նաև քրեական մասնագիտացում ունեցող հանրային պաշտպանների հետ:



Բեռնել

Վերադառնալ