ՀՀ Փաստաբանների Պալատ


ՀՀ փաստաբանական դպրոց

Փաստաբանական դպրոց
Ընդհանուր տեղեկություններ

 ՀՀ փաստաբանական դպրոցը հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որի հիմնադիրն է ՀՀ փաստաբանների պալատը՝ ի դեմս փաստաբանների պալատի խորհրդի:

ՀՀ փաստաբանական դպրոցը.
1) կազմակերպում և անցկացնում է ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրների մասնագիտական ուսուցումը.
2) կազմակերպում է ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրների համար անցկացվող որակավորման քննությունը.
3) կազմակերպում և անցկացնում է փաստաբանների մասնագիտական վերապատրաստումը.
4) իրականացնում է ՀՀ փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ նախատեսված այլ գործունեություն:
ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարումն իրականացնում են ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը և ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենը:
ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթության՝ բացառությամբ, եթե նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ:
Անձը ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդրի կարգավիճակ է ձեռք բերում ՀՀ փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով:
Ունկնդրի ուսուցումը ՀՀ փաստաբանական դպրոցում իրականացվում է ՀՀ փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Ուսուցումն իրականացվում է երկու փուլով' տեսական ուսուցում և գործնական ուսուցում (փորձաշրջան):

Ուսուցումն իրականցվում է առկա (ստացիոնար), ինչպես նաև հեռավար (առցանց) կարգով։ Հեռավար (առցանց) ուսուցման դիմորդների ընդունելությունը կատարվում է առանձին մրցույթով։

Իրավաբանի' առնվազն հինգ տարվա մասնագիտական ստաժ ունեցող ունկնդրի ուսուցումն իրականացվում է ՀՀ փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ նախատեսված պարզեցված ընթացակարգով։
ՀՀ փաստաբանական դպրոցի ուսումնական ծրագրերը ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենի ներկայացմամբ հաստատում է ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը:
Պարզեցված ընթացակարգով ուսուցման ծրագիրը կարող է տարբերակվել մյուս պարզեցված ընթացակարգով ուսուցում անցնող ունկնդիրների ծրագրից, հետևյալ ունկնդիրների համար'
1) առնվազն տասը տարվա իրավաբանի մասնագիտական ստաժ ունեցող ունկնդրի համար.
2) առնվազն հինգ տարվա իրավաբանի մասնագիտական ստաժ և իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի աստիճան ունեցող ունկնդրի համար։
ՀՀ փաստաբանական դպրոցն ավարտած ունկնդիրներին ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենը տասն օրվա ընթացքում տրամադրում է հավաստագիր, որն իրավունք է տալիս ունկնդրին մասնակցելու որակավորման քննությանը:
Որակավորման քննությունը փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու միասնական քննությունն է, որին մասնակցելու իրավունք ունեն միայն ՀՀ փաստաբանական դպրոցում համապատասխան ուսուցում անցած ունկնդիրները:
Որակավորման քննությունն ընդունում է ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը: Որակավորման քննության ընդունման և հանձնման կարգը սահմանում է ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը:
Որակավորման քննությունները չհանձնած ունկնդիրը վերստին որակավորման քննություն հանձնելու համար պարտավոր է ՀՀ փաստաբանական դպրոցում անցնել հատուկ ծրագրով ուսուցում: Երկրորդ անգամ որակավորման քննություններ չհանձնած ունկնդիրը վերստին կարող է մասնակցել որակավորման քննությանը ՀՀ փաստաբանական դպրոցում ընդհանուր հիմունքներով կրկին ուսուցում անցնելու դեպքում:
Որակավորման քննության արդյունքները կարող են բողոքարկվել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին կամ դատական կարգով' որակավորման քննության արդյունքների հրապարակումից հետո' մեկ ամսվա ընթացքում:
Փաստաբանը վերապատրաստում կարող է անցնել ՀՀ փաստաբանական դպրոցում կամ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի հավատարմագրած այլ հաստատությունում:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 07.04.2018թ. թիվ 7/11-Ա որոշմամբ երեք տարի ժամկետով կազմավորվել է «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կառավարման խորհուրդ՝ հետևյալ կազմով.

1) Արա Զոհրաբյան՝ կառավարման խորհրդի նախագահ ի պաշտոնի, ի.գ.թ..

2) Հունան Տեր-Վարդանյան՝ ի.գ.թ., փաստաբան (արտոնագիր № 1108).

3) Նիկոլայ Հակոբյան՝ փաստաբան (արտոնագիր № 414).

4) Հերիքնազ Տիգրանյան՝ փաստաբան (արտոնագիր № 618).

5) Լեռնիկ Հովհաննիսյան՝ փաստաբան (արտոնագիր № 568).

6) Արթուր Հովհաննիսյան՝ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ,

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ.

 

«Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի
կառավարման խորհրդի անդամները

Արա Զոհրաբյան

կառավարման խորհրդի
նախագահ ի պաշտոնի, ի.գ.թ.

Հունան Տեր-Վարդանյան

փաստաբան
(արտոնագիր № 1108), ի.գ.թ.

Նիկոլայ Հակոբյան

փաստաբան
(արտոնագիր № 414)

Հերիքնազ Տիգրանյան

փաստաբան
(արտոնագիր № 618)



Լեռնիկ Հովհաննիսյան

փաստաբան
(արտոնագիր № 568)



Արթուր Հովհաննիսյան
ՀՀ արդարադատության
նախարարության
ներկայացուցիչ,
ՀՀ արդարադատության
նախարարի
առաջին տեղակալ

 ՀՀ փաստաբանական դպրոցի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀ փաստաբանական դպրոցի՝ http://www.advschool.am վեբ պորտալում: