ՀՀ Փաստաբանների Պալատ


 Ընդհանուր տեղեկություններ

 Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 12.08.2014թ. թիվ 294-Լ որոշմամբ հաստատվել է Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի գործունեության կարգը:
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ստեղծելու անհրաժեշտության հիմքում դրվել են հետևյալ հանգամանքները՝
   - Հայաստանի Հանրապետությունում փաստաբանության՝ որպես արդարադատության համակարգի կարևորագույն ինստիտուտի զարգացման և մասնագիտության նկատմամբ հարգանքի ձևավորման համար կարևորագույն նախադրյալ է հանդիսանում Փաստաբանների պալատի անդամ փաստաբանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող այլ պետության փաստաբանների իրավունքների պաշտպանությունն ապահովելը, ինչպես նաև այդ իրավունքների արդյունավետ իրացման համար անհրաժեշտ միջավայր ստեղծելը,
   - փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցում Փաստաբանների պալատի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է միասնական, նպատակաուղղված և համակարգված քաղաքականություն իրականացնող կառույցի առկայություն։
   Հանձնաժողովի նպատակն է միջոցներ ձեռնարկել փաստաբանների իրավունքներն ու մասնագիտական գործունեությունը բոլոր տեսակի (հատկապես՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների) սպառնալիքներից, խոչընդոտներից կամ ցանկացած տեսակի այլ հակաիրավական միջամտությունից (ոտնձգությունից) պաշտպանելու համար:
   Իր նպատակի իրականացման համար Հանձնաժողովի առջև դրված են հետևյալ խնդիրները.

  1. հավաքագրել և վերլուծել փաստաբանների մասնագիտական իրավունքների և Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված երաշխիքների խախտման վերաբերյալ տեղեկատվությունը.
  2. քննության առնել փաստաբանների մասնագիտական իրավունքների և Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված երաշխիքների խախտման վերաբերյալ փաստաբանների դիմումները կամ լրատվամիջոցների հաղորդումները.
  3. հրատապ արձագանքել փաստաբանների իրավունքները խախտող միջադեպերին և ձեռնարկել համապատասխան միջոցներ այդ խախտումների վերացման ուղղությամբ.
  4. Փաստաբանների պալատի խորհրդին և նախագահին ներկայացնել համապատասխան առաջարկներ (ընդհուպ՝ օրենքի նախագիծ) փաստաբանների իրավունքների խախտումների վերացման և կանխարգելման համար անհրաժեշտ միջացառումներ ձեռնարկելու համար.
  5. վերլուծել արձանագրված խախտումները և վարել համապատասխան վիճակագրություն։

   Հանձնաժողովը Փաստաբանների պալատի մարմին չի հանդիսանում: Այն կազմավորվում է Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ՝ մեկ տարի ժամկետով և կազմված է հինգ անդամից, որից մեկը Փաստաբանների պալատի նախագահի կողմից նշանակվում է որպես Հանձնաժողովի համակարգող: Հանձնաժողովի անդամ կարող են լինել փաստաբանները:
Հանձնաժողովը գործում է օրինականության, հավասարության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա, իր լիազորություններն իրականացնելիս անկախ է Փաստաբանների պալատի խորհրդից, նախագահից և այլ մարմիններից:
   Հանձնաժողովը'

  1. փաստաբաններից ստանում է տեղեկություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից փաստաբանների, ինչպես նաև վերջիններիս վստահորդների իրավունքների խախտումների մասին.
  2. իրականացնում է սույն Կարգի նպատակից և խնդիրներից բխող և անհրաժեշտ այլ լիազորություններ:

   Հանձնաժողովն իրավասու է նաև՝

  1. կազմակերպել հասարակական կարծիքի ուսումնասիրություն, այդ թվում՝ փաստաբանների և դատաիրավական համակարգի ներկայացուցիչների շրջանակում.
  2. քննարկումների, դասախոսությունների, սեմինարների և այլ միջոցառումների օգնությամբ փաստաբաններին, ինչպես նաև Փաստաբանական դպրոցի ունկնդիրներին ցույց տալ իրավական և տեղեկատվական բնույթի աջակցություն.
  3. արձագանքել փաստաբանների և վերջիններիս վստահորդների իրավունքների և շահերի հետ կապված խնդիրներին և աջակցել դրանց լուծմանը ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներով:

 Հանձնաժողովն իր գործունեության վերաբերյալ կիսամյակային հաշվետվություն է ներկայացնում Փաստաբանների պալատի նախագահին, որում պետք է արտացոլվեն հաշվետու ժամանակահատվածում փաստաբանների իրավունքների խախտման վերաբերյալ արձանագրված դեպքերը և դրանց վերացման վերաբերյալ ձեռնարկված միջոցառումները:
   

     Բեռնել հանձնաժողովի գործունեության կարգը

 

Փաստաբանների իրավունքների պաշտպանության

հանձնաժողովի կազմը

Հունան Բաբայան

Հանձնաժողովի համակարգող

Փաստաբան

Արմինե Ֆանյան

Հանձնաժողովի անդամ

Փաստաբան

Արսեն Մկրտչյան

Հանձնաժողովի անդամ

Փաստաբան

Լիանա Բալյան

Հանձնաժողովի անդամ

Փաստաբան

 

Արմեն Ֆերոյան

 

Հանձնաժողովի անդամ

 

Փաստաբան

 









Բեռնել