ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

20.09.2022 18:27

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ հայրենակիցներ,

1991 թվականի սեպտեմբեր 21-ը մեր կյանքում նշանավորվել է հայ ժողովուրդի պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկով՝ Հայաստանի անկախության հռչակմամբ:

Հայաստանի անկախությունը սերունդների երազանք էր, որը հանրաքվեի արդյունքում դարձավ իրականություն ու աշխարհին ազդարարեց պատերազմների բովում կոփված հայ մարդու ազատատենչ կամքը՝ ունենալու ազատ ու անկախ պետություն:

Ինչպես անկախության ձեռք բերման վճռական օրերին և հաջորդած դժվարին տարիներին, այսօր էլ մեր պետության առջև կան ծանր մարտահրավերներ և այդ մարտահրավերներն ավելի շատ նման են գոյության կռվի:

Ես կոչ եմ անում՝ Անկախության տոնի այս նվիրական օրը ավելի սթափ նայել մեր պետության առաջ ծառացած խնդիրներին, մեր անկախությանը սպառնացող մարտահրավերներին և լինել արժանի մեր հայրենքին, զրկանքներով վաստակած անկախ պետականությանը, հանուն հայրենիքի իրենց կյանքը չխնայած մեր նահատակված հերոսներին և այն անձնուրաց հերոսներին, ովքեր այսօր էլ ազատ ու անկախ հայրենիքը վեր են դասում իրենց կյանքից:

Մեր նահատակված հայորդիների սխրանքները խոսուն վկան են մեր պայքարող տեսակի և մեր հաղթանակների: Նրանք  հավերժական վկայություն են մեր մեծ հայրենանվիրումի ու ազգասիրության: Յուրաքանչյուրիս պարտքն է արժևորելու և իրականություն դարձնելու նրանց նվիրական երազանքը՝ խաղաղություն ազատ ու անկախ հայրենիքում:

Սիրելի հայրենակիցներ,

պահը թելադրում է գիտակցված ապրել այս օրը, ուրեմն աներկյուղ հավատով ձգտենք մեր անկախության պահպանմանը, հզոր բանակի և ամուր պետության կերտմանը:

Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած բոլոր նահատակված հերոսներին:

Աստված պահապան անկախության և անվտանգության երաշխավոր մեր բանակին։



DOWNLOAD

BACK