ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
05.07.2022 18:19ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում մասնավորապես ասվում է.
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:
Հուլիսի 5-ը մեր օրացույցի կարևորագույն օրերից մեկն է, քանի որ այն խոսում է Սահմանադրության` որպես իրավունքի էության, իրավունքի գաղափարի, ժողովրդի կամքն ու շահերը արտահայտող հիմնարար կարևորագույն փաստաթղթի առկայության և իրավունքի գերակայության ապահովմանն ուղղված մեր ջանքերի և վճռականության մասին:
Վստահաբար, Սահմանադրությունը մեր երկրի իրավական համակարգի հիմքն է, որին պետք է համապատասխանեն մնացյալ օրենքները, ուստի՝ Սահմանադրությունը նաև գաղափարխոսություն է, ազգային արժեհամակարգի ամրապնդման երկաթե փաստաթուղթ:
Սահմանադրության գերակայության ապահովումն ու լիարժեք կենսագործումը պետք է լինի յուրաքանչյուրիս ձգտումը, որովհետև մեծ է Սահմանադրության դերը ժողովրդավարության, իրավական և սոցիալական պետության կայացման գործում։
Կրկին շնորհավորում եմ՝ այն համոզմունքով, որ Սահմանադրության կարևորությունը գնահատելու են Հայաստանի Հանրապետության բոլոր սերունդները:
DOWNLOAD
BACK