ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐՈՎ
25.06.2022 14:50Այսօր տեղի ունեցավ ՀՀ փաստաբանական դպրոցի 71 շրջանավարտի փաստաբանի գործունեության արտոնագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառումը սկսվեց Հայասանի Հանրապետության օրհներգի ներքո:
Բացման խոսքով հանդես եկավ և ներկաներին ողջունեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:
Դիմելով հավակնորդներին` Փաստաբանների պալատի նախագահը նշեց, որ Փաստաբանական դպրոցն ավարտելը հեշտ գործընթաց չէ, և փաստաբանության ոլորտում առաջին բարդ խնդիրը նրանց համար արդեն հաղթահարված է:
Սիմոն Բաբայանը փաստաբանական համայնքի նոր անդամներին մաղթեց բեղմնավոր և հաջողակ գործունեություն, ընդգծելով, որ իրենց գերնպատակը պետք է լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը, գերխնդիրը՝ մարդասիրության, բարոյականության, անկախության և անկաշառության սկզբունքներով առաջնորդվելը:
Ելույթի ավարտին Փաստաբանների պալատի նախագահը շնորհակալություն հայտնեց Փաստաբանական դպրոցի տնօրենությանը և աշխատակազմին, Փաստաբանական դպրոցի խորհրդի անդամներին, Փաստաբանների պալատի աշխատակազմին, որոնց ջանքերով կազմակարպվել և անց են կացվել ուսումնառությունը և որակավորման քննությունները:
Հավակնորդներին շնորհավորեց նաև Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը:
Իր ելույթում Արա Զոհրաբյանը կարևորեց այն հանգամանքը, որ արտոնագրի հավակնորդներից յուրաքանչյուրն իր ուժերով է ընդունվել, սովորել Փաստաբանական դպրոցում և ստացել որակավորման վկայական, ինչը կարևոր է հետագա գործունեության ընթացքում կոռուպցիոն ռիսկերը բացառելու հարցում: Փաստաբանական դպրոցի տնօրերնը բարի երթ մաղթեց ապագա փաստաբաններին՝ հիշեցնելով նրանց մասնագիտական գործունեությանը սրտացավորեն մոտենալու մասին:
Շնորհավորական ուղերձներով հանդես եկան նաև Փաստաբանների պալատի խորհրդի անդամները: Նրանք վստահություն հայտնեցին, որ ապագա փաստաբաններն ունենալու են իրենց ավանդը փաստաբանության զարգացման գործում:
Ելույթներով հանդես եկան նաև Փաստաբանական դպրոցի շրջանավարտները: Նրանք շեշտեցին, որ յուրաքանչյուր փաստաբանի հաջողություն համայնքի հաջողությունն է:
Ելույթներին հաջորդել են փաստաբանների հանդիսավոր երդման և արտոնագրերի հանձնման արարողությունները:
DOWNLOAD
BACK