ՀՀ Փաստաբանների Պալատ

ԿԱՅԱՑԵԼ Է «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ․ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

29.04.2022 11:55

ԿԱՅԱՑԵԼ Է «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ․ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

     2022 թվականի ապրիլի 28-ին ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Երևանում կայացավ «Փաստաբանությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում․ հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովը:

    Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը, ՌԴ փաստաբանների ֆեդերալ պալատի նախագահ Յուրի Պիլիպենկոն, Ֆրանսիայի Օ դը Սենի փաստաբանների միության նախագահ Միշել Գիշաղը, Վրաստանի փաստաբանների պալատի նախագահ Դավիդ Ասատիանին:

    Բացման խոսքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել համաժողովին մասնակցելու համար:

   Իր խոսքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահը կարևորել է համագործակցությունը մասնագիտական մակարդակներում և նշել, որ այս համաժողովը հանդիսանում է դրա վառ ապացույցը:

   «Փաստաբանության ինստիտուտը ժամանակակից ժողովրդավարական պետություններում զբաղեցնում է նշանակալից տեղ, քանի որ հենց վերջինիս դրությունը համարվում այն հիմնական ցուցիչներից մեկը, որով գնահատվում է ժողովրդավարության և մարդու իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանվածության մակարդակը համապատասխան հասարակությունում:

   Ժողովրդավարական երկրները պետության և իրավունքի զարգացման ամբողջ ընթացքում ձգտում են ձևավորել անկախ և ինքնակառավարվող փաստաբանության ինստիտուտ, զարգացնել այն, քանզի փաստաբանությունը  բնութագրում է քաղաքացու իրավական պաշտպանվածության մակարդակը:  Հետևաբար, պատահական չէ, որ շատ պետություններ ճանաչում են  փաստաբանությունը սահմանադրական մակարդակում՝ որպես իրավաբանական օգնության ստանալու իրավունքի երաշխիք» , - նշել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահը:

    Սիմոն Բաբայանը նաև ընդգծել է, որ  անհրաժեշտ է առավել արդյունավետ օգտագործել գոյություն ունեցող բոլոր գործիքակազմերը, որոնք նպաստելու են փաստաբանության ինստիտուտի զարգացման և քաղաքացիների իրավական պաշտպանվածության ապահովմանը:

    Նա նաև հույս է հայտնել, որ գոյություն ունեցող համագործակցության հարթակների, փաստաբանական համայնքների սերտ կապի առկայության պայմաններում, մենք, ունենալով իրավական և փաստական հիմքեր, պետք է ապահովվենք փաստաբանի անդրսահմանային արդյունավետ գործունեությունը: Իր ելույթի ավարտին Սիմոն Բաբայանը  նկատել է, որ առկա են բոլոր նախադրյալները  փաստաբանների անդրսահմանային գործունեությունը ապահովելու և համագործակցությունն ամրապնդելու համար:

   «Շատ հաճախ մեր կողմից ընդգծվում է փաստաբանության առանձնահատկությունը և բացառիկությունը, սակայն ժամանակակից պայմաններում փաստաբանությունը զիջում է իր առաջատար դիրքը, իրավաբանական ծառայություններ մատուցող այլ մասնակիցներին, քանի որ նրանք գործում են փաստաբանության համար ամրագրված սահմանափակումներից դուրս:

Նշվածը նկատի ունենալով՝ ակնկալում եմ միասին խոսել առաջադրված հարցերի շուրջ և քննարկել հնարավոր խնդիրները» ,- ելույթը եզրափակել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ գործընկերներին մաղթելով բեղմնավոր և արդյունավետ աշխատանք:

       Միջազգային համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել փաստաբաններ Հայաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ղազախստանից: Քննարկվել  են փաստաբանության՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ինստիտուտի զարգացման միտումները, անդրսահմանային համագործակցության հնարավորությունները և առաջացող մարտահրավերներն ինտեգրացիոն  գործընթացներում:

   Հ․Գ Միջազգային համաժողովի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ և լուսանկարներ կներկայացնենք առանձին հրապարակումներով:


01
01
01
01
01
01
01
01
01
01



DOWNLOAD

BACK